Գևորգյան ճեմարանը ճեմարանը նոր ուսումնական տարին սկսում է 102 աշակերտով և ասպիրանտուրա ընդունված 7 ուսանողով
Սեպտեմբերի 11-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել ճեմարանի 2018-2019 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հանդիսությունը սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո կատարվել է ուսանողների օրհնության կարգ: Հնչել են նաև Հայաստանի Հանրապետության և ճեմարանի օրհներգերը:
Այնուհետև ներկաներին ողջունել է Գևորգյան ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Հայր Սուրբը տեղեկացրել է, որ ճեմարանը նոր ուսումնական տարին սկսում է 102 աշակերտով և ասպիրանտուրա ընդունված 7 ուսանողով: Ճեմարանն ունի 22 հոգևորական և 35 աշխարհական դասախոս: Հայր Գարեգինը խոսել է նաև իրականացված ուսումնական ծրագրերի, մի շարք առարկաների համար պատրաստված դասագրքերի, ինչպես նաև ամառային արձակուրդների ընթացքում հայաստանյան և սփյուռքյան թեմերում ճեմարանականների բերած ծառայության մասին:
«Գիտելիքը մարդուն կշիռ է տալիս, իսկ նրա արարքները յուրահատուկ փայլ են հաղորդում իրեն: Մշտապես պիտի փորձեք ոչ թե միայն փայլել ձեր արարքներով, այլ առաքինությամբ լի, ձեր իմաստությամբ լի նմանվել մեր Արարչին` դառնալով Նրա իսկական գործակիցներն այս աշխարհում: Ձեր ապագա առաքինությունն առավել նվիրական է դառնում, քանզի հայասիրության և Էջմիածնասիրության սերմերը պիտի ցանեք մարդկանց հոգիներում, որոնցից շատերը կարող են լինեն պարարտ հող, որտեղ հեշտ կլինի այդ ցանկը կատարել, և որոշները` ապառաժ, որոնց մեջ դժվար կլինի սերմ ցանել: Չվհատվել ու վերստին չվհատվել, քանզի Տիրոջ օրհնությամբ ու խաչի զորությամբ նորօրյա հոգևորականի համար ստեղծված է ցանկացած հնարավորություն ապառաժը հերկելու», - ասել է տեսուչը` ողջունելով նաև նոր սաների մուտքը ճեմարան:
Ցերեկույթի ընթացքում Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները ղեկավարությամբ Արտաշես Բաբուրյանի հանդես են եկել ժողովրդական երգերի կատարումներով:
Այնուհետև ներկաներին իր օրհնությունն ու հայրական պատգամն է բերել Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Գոհունակություն հայտնելով նոր ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվելու առիթով` Նորին Սրբությունը նշել է, որ տարեսկզբի յուրաքանչյուր այսպիսի հանդիսություն հույսի և վստահության զգացումով է լցնում ամենքի հոգիները, որ Հայաստանեայց Եկեղեցին մեկ տարի անց կրկին Տիրոջ խոսքի քարոզության և առաքելության նոր մշակներ է ունենալու:
«Գևորգյան հոգևոր ճեմարանն արդեն 144 տարի նվիրական առաքելություն է իրականացնում՝ կերտելու ու դաստիարակելու գիտակ ու հավատավոր, հոգևոր սպասավորությանը նախանձախնդիր Աստծո մշակներ, որ լինեն Սուրբ Ավետարանի բարեջան մատռվակները՝ հոգևոր լույսով առաջնորդելով մեր ժողովրդին և հաստատուն պահելով դեպի Աստված նրա ընթացքը:
Սիրելինե՛ր, այսօր, ի շարս այլ խնդիրների ու մարտահրավերների, մեր Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորման կարևորագույն պայմաններից են եկեղեցականի հոգևոր խորը ապրումը ու դրա կենսագործումը տերունապատվեր առաքելության մեջ և մեր Հայրերից մեզ ավանդված դպրությունն ու գիտությունը, հատկապես եկեղեցագիտական և աստվածաբանական ճանաչողությունը: Անշուշտ, եկեղեցական կյանքն անմիջականորեն ծագում է նրա հիմնադրի` մեր Տեր Հիսուս Քրիստոսի անձից ու Ավետարանից, բայց եկեղեցագիտական իմացությունը, աստվածաբանական միտքը՝ լուսաբանելով եկեղեցական կյանքը, հավատքի հիմնադրույթները, նոր սկզբունքներ և մոտեցումներ է առաջադրում նաև ներկայի և ապագայի համար: Այդ գիտությամբ զինված իմաստուն և խոհեմ մշակներն են ունակ զատելու ցորենը որոմից, պիտանին` անպիտանից: Հավատով ու գիտելիքով կոփված խոփն է ի զորու հերկելու մեր ազգային-եկեղեցական կյանքի դաշտը` ավետարանական սերմի համար պարարտ ու նպաստավոր հող ապահովելու համար», - ասել է Վեհափառ Հայրապետը:
Խոսքն ուղղելով ճեմարանականներին Նորին Սրբությունը շեշտել է, որ սուրբգրային իմաստությամբ գիտության մղումն ու նախանձախնդրությունը կարևորվում են ոչ միայն իմացության ամբարումով, այլև այդ գիտելիքը հավատի ու աղոթքի բովի մեջ փորձելով: «Հետևաբար, իմաստության և գիտելիքի ձեր ամբարմանը միախառնե՛ք աղոթքի ու հոգևոր զգացումի սրբագործող շաղախը, հղկե՛ք ու հստակեցրե՛ք ձեզ համար Աստծուն և մեր ժողովրդին ծառայելու տեսլականը: Սուրբ Եզնիկ Կողբացու խոսքով` «աղոթեք հավատով, ապրեք հույսով, արարեք սիրով»: Այս թող դառնա ձեզ համար Գևորգյան հոգևոր ճեմարանի նոր ուսումնական այս տարվա նշանաբանը», - պատգամել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ուսումնական տարվա բացման առիթով Նորին Սրբությունը հայրապետական գնահատանքի և օրհնության իր խոսքն ուղղել է դասախոսներին, ում վստահված է Եկեղեցու սրբազան առաքելության սպասավորներ պատրաստելու նվիրական առաքելությունը: Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքն է բերել ճեմարանի տեսչական անձնակազմին` մաղթելով նոր եռանդ և ուժ` գալիք ուսումնական տարում նորանոր ձեռքբերումներով արդյունավորելու ճեմարանի ուսումնական կյանքի կազմակերպումը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ Աստված գիտության ամուր հիմքով, աղոթքի լուսավոր սյուներով ու նվիրումի աներեր գմբեթով պսակի Գևորգյան հոգևոր ճեմարանը` առավել նախանձախնդրություն և ուսումնատենչություն պարգևելով սաներին, դասախոսներին և տեսչական կազմին:
Հանդիսությունն ամփոփվել է «Պահպանիչ» աղոթքով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները