Երվանդ Վարոսյան. Ես զարմացած եմ, որ այդ դատավորը մինչև հիմա դատավոր է
Գաղտնալսված ու հրապարակված ձայնագրության մեջ մի հատված վերաբերում է դատավորի և ԱԱԾ պետի միջև նախկինում եղած խոսակցությանը։ Չնայած ծառայության պետ Արթուր Վանեցյանն ասաց՝ դատավորին չի ճանաչում, վարչապետ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարեց. «Ես վարչապետ ընտրվելուց հետո ինչի բա՞ն եմ թաքցրել ձեզնից: Ասել եմ՝ մինչև օրս դատավորները զանգում են խաբար են ուղարկում, թե ինչ անենք, այս հարցը ո՞նց որոշենք, այն հարցը ո՞նց որոշենք: Դրանում ոչ մի գաղտնիք չկա»։
Արդյոք սա ճնշում չէ դատարանի վրա։ Այս հարցի վերաբերյալ Panorama.am-ը մեկնաբանություն խնդրեց փաստաբան Երվանդ Վարոսյանից։
«Քանի որ մարտի 1-ի գործով, որի շուրջ խոսում են ԱԱԾ պետն ու ՀՔԾ պետը, մասնակցել եմ որպես պաշտպան, ապա բուն խոսակցության էության մասին ձեռնպահ կմնամ անդրադառնալ։ Բայց մի հանգամանք կա, որին չեմ կարող չանդրադառանալ, խոսքը վերաբերում է հենց դատավորին, որը զանգահարել է ԱԱԾ պետին։ Ես զարմացած եմ, որ այդ դատավորը մինչև հիմա դատավոր է»,-ասաց փաստաբանը։
Վարոսյանն այն համոզման է, որ «ի՞նչ անեմ» հարցով գործադիր իշխանությանը զանգահարած բոլոր դատավորների լիազորությունները պետք է դադարեցվեն։
«Անհապաղ, քանի որ նրանք այլևս դատավոր չեն կարող կոչվել, քանի որ օրենքով դատավորն անկախ է ու ենթարկվում է միայն օրենքին։ Եթե սև պատմուճան հագած մարդը զանգահարում է ինչ-որ մեկից ինչ-որ բան հարցնելու, ապա նա դադարում է դատավոր լինելուց։ Անհապաղ, հենց այսօր պետք է բոլորի լիազորությունները դադարեցնել»,-կարծիք հայտնեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ խոսքը դատավոր Վաչե Մարգարյանի մասին է, որի նախագահությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շենքում քննվել է ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու միջնորդությունը։
«Հրաչի հետ չեմ խոսել, անհերքելի փաստ է, ծանոթ չեմ նրա հետ»,-ասուլիսում հայտարարեց ԱԱԾ տնօրենը։ Իսկ գաղտնալսված զրույցում նա ասում էր՝ դատավորի հետ խոսել է, ասել է՝ «դուխով, նայի հիմքերը, բայց կալանքը ուզած-չուզած պիտի տաս»։
Վարոսյանի խոսքով, փաստաբաններն էլ միշտ այդ դատավորի անունը խառնում են, մոռանում։
«Երևի դատավորներին ամենաօբյեկտիվ գնահատողները հենց մենք ենք՝ փաստաբաններս։ Հիմա էլ helpcourt.am համակարգում քվեարկություն է, և այդ համակարգում գրանցված փաստաբանները քվեարկում են դատավորներին։ Եվ պատահական չէ, որ այդ դատավորը 0-ից ցածր գնահատական ունի»,-ասաց փաստաբանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան