«Հյուսիս-հարավի» 2-րդ և 3-րդ տրանշներում օտարվել է մոտ 1900 հողամաս
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 հատվածում, որն ընդգրկում է Աշտարակ-Թալին ճանապարհահատվածը, ավարտվել է հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը։ Այստեղ օտարվել է մոտ 900 հողամաս, ազդեցության ենթակա տնային տնտեսությունների թիվը եղել է մոտ 550։ Տրանշ-3-ում, որ ներառում է Թալին-Գյումրի ճանապարհահատվածը, նույնպես գրեթե ամբողջությամբ ավարտվել է հողերի օտարման գործընթացը։ Բացառություն է կազմում միայն մի հատվածը, որտեղ նախագծային փոփոխությունների հետ կապված դադարեցվել են օտարման գործընթացները։ Տրանշ-3-ում օտարվել է մոտ 1015 հողամաս, ազդեցության ենթակա տնային տնտեսությունների թիվը կազմել է մոտ 900։ Նման տվյալներ է տրամադրել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի սոցիալական ազդեցությունների կառավարման ծառայության ղեկավար Սոնա Պողոսյանը։
Հյուսիս-հարավի նշված երկու հատվածներում էլ հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրերն իրականացվել են ազգային օրենսդրության պահանջների և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) անվտանգության մեխանիզմների քաղաքականության սկզբունքների համադրված կիրառմամբ։ Դոնոր բանկի ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականությունը բավականին տարբերվում է Հայաստանի ազգային օրենսդրությունից, և այնտեղ, որտեղ բանկի սկզբունքներն ավելի նպաստավոր են քաղաքացիների համար, կիրառվել են դրանք։
Սոնա Պողոսյանը նշել է օտարման և տարաբնակեցման գործընթացում առկա մի քանի տարբերություն ՀՀ օրենսդրության և ԱԶԲ սկզբունքների միջև։ Օրինակ, Հայաստանի օրենսդրությամբ օտարվող հողի համար փոխհատուցման իրավունք ունի միայն սեփականության կամ այլ գույքային իրավունքի գրանցում ունեցող անձը, մինչդեռ բանկի քաղաքականության շրջանակներում իրավական կարգավիճակի բացակայությունը չի խոչընդոտում մարդու փոխհատուցման իրավունքը։ Այսինքն՝ եթե կա փաստացի ազդեցություն կրող անձ, որը չունի գրանցված գույքային իրավունք, սակայն ծրագրի հետևանքով կորցնում է ինչ-որ բարելավում՝ տուն, ծառ կամ մշակաբույս, ապա ծրագրի շրջանակներում այդ անձը նույնպես փոխհատուցվել է իր փաստացի կորուստների համար։
Բացի այդ, բնակելի տների պարագայում, նույնիսկ եթե դրանք եղել են ինքնակամ և որևէ գրանցում չեն ունեցել, ֆիզիկապես վերաբնակեցված անձինք ամբողջական փոխհատուցում են ստացել, որպեսզի կարողանան վերականգնել իրենց կենսամակարդակը։ Սոնա Պողոսյանի խոսքով, որդեգրված սկզբունքներից է, որ ծրագրի իրականացման արդյունքում ազդեցության ենթակա անձանց կենսամակարդանը բարելավվի կամ առնվազն վերականգնվի այն մակարդակով, ինչպիսին էր մինչև ծրագրի իրականացումը:
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, ազդեցության ենթակա կորուստների փոխհատուցումից բացի, ազդակիր անձանց տրամադրվում են նաև որոշակի վերականգնման օժանդակություններ, իրականացվում են տարբեր բնույթի վերականգնման միջոցառումներ։ Օրինակ, եթե ծրագրի շրջանակներում ազդեցության ենթակա տնային տնտեսությունը դասակարգվում է որպես խոցելի (աղքատ տնային տնտեսություններ, կենսաթոշակառուների, միայնակ կանանց կամ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող տնային տնտեսություններ), բացի բուն փոխհատուցումից ստացել են նաև որոշակի վերականգնման նպաստներ նվազագույն աշխատավարձի վեցապատիկի չափով։
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի օտարման և տարաբնակեցման ծրագրերի շրջանակներում այն անձանց համար, որոնք չեն ունեցել բավարար փաստաթղթեր՝ ժառանգության փաստաթղթեր, սեփականության վկայականներ, կամ սեփականության իրավունքը չի գրանցվել գումարի բացակայության պատճառով, իրավական, կազմակերպչական աջակցությունն ու ֆինանսական ծախսերն ամբողջությամբ կատարվել են ծրագրի հաշվին։
Ս. Պողոսյանը նշել է, որ գործընթացի շրջանակներում գործ են ունենում գյուղական համայնքների հետ, որտեղ խնդիրներ են առաջանում սեփականատերերի բացակայության հետ կապված, քանի որ այդ համայնքներում միգրացիայի մակարդակը բավականին բարձր է։ Խնդիրներ կան նաև կադաստրային անճշտությունների հետ, որոնք ի հայտ են գալիս չափագրման աշխատանքներ իրականացնելիս։ Բացի այդ, շատ են նաև դեպքերը, երբ գույքը գտնվում է դատական արգելանքի տակ՝ կապված վարկային պարտավորությունների չկատարման հետ և այլն:
«Այս բոլոր հարցերը եղել են խոչընդոտ օտարման գործընթացի կազմակերպման ընթացքում։ Երբ ունես նման սահմանափակումներ, բնականաբար, չես կարողանում օտարման պայմանագիր կնքել քաղաքացու հետ, նույնիսկ այն դեպքում, երբ կողմերի միջև որևէ տարաձայնություն չկա։ Ըստ էության դա է եղել դատական օտարման դեպքերի հիմնական պատճառը։ Տրանշ-2-ում ունեցել ենք 85, Տրանշ-3-ում՝ 216 դատական դեպք։ Դրանց մոտ 90-95 տոկոսը պայմանավորված է եղել փաստաթղթային անճշտություններով, սահմանափակումներով, կադաստրային խնդիրներով։ Մյուս 5-10 տոկոսն է միայն պայմանավորված եղել ազդակիր անձանց անհամաձայնությամբ։ Շատ դեպքերում դատական գործընթացը բավականին երկար է տևել, և շինարարական աշխատանքների մեկնարկը հետաձգվել է, քանի որ կապալառուին օտարված տարածքները տրամադրում ենք միայն փոխհատուցումը վճարելուց հետո կամ օտարման վերաբերյալ դատական վճռի առկայության դեպքում։ Տրանշ-2-ում, մասնավորապես, որոշակի տարածքներ մոտ 2 տարի չենք կարողացել հանձնել շինարարին, քանի որ այդ տարածքներում կային կետային հատվածներ, որոնց շուրջ ունեինք դատական գործընթաց, ինչը տևել է մոտ 2 տարի»,- ասել է Սոնա Պողոսյանը՝ ավելացնելով, որ դատական գործընթացի երկարաձգման օբյեկտիվ պատճառներից մեկն էլ պետական փորձաքննություններ իրականացնող մարմինների խիստ ծանրաբեռնվածությունն է. դատարանի նշանակած որոշ փորձաքննություններ կարող են տևել 6 ամսից մինչև մեկ տարի»։
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Հյուսիս-հարավի օտարման ամբողջ գործընթացը ենթարկվում է արտաքին մոնիտորինգի, որն իրականացնում է անկախ կազմակերպություն՝ մանրամասն ստուգելով իրականացման գործընթացների համապատասխանությունը հողերի օտարման ծրագրին և փոխհատուցման սկզբունքներին (ներառյալ բողոքների լուծման գործընթացը), և միայն արտաքին մոնիտորինգի գործակալության կողմից պատրաստված համապատասխանության հաշվետվությունը դոնոր բանկի կողմից հաստատվելուց հետո է հողահատվածը տրամադրվում կապալառուին։
Հարակից հրապարակումներ`
- Վարույթ է ընդունվել «Հյուսիս-հարավ»-ի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրգործը
- «Հյուսիս-հարավ»-ի իրականացման գործընթացում չարաշահումներով պետությանը 23.5 մլրդ դրամի վնաս է հասցվել
- «Հյուսիս-հարավ» ճանապարհի որոշ հատվածների ֆինանսավորման հարցը դեռևս լուծված չէ. նախարար
- Աշոտ Հակոբյանը կօժանդակի իրավապահներին՝ բացահայտելու «Հյուսիս-Հարավ»-ի չարաշահումները
- Կոռուպցիոն խնդիրներ՝ «Հյուսիս-Հարավ»-ում
- «Հին ճանապարհով հանգիստ գնում-գալիս էինք, էդ ինչ բերիք գլխներիս». պատգամավորը՝ «Հյուսիս-Հարավ»-ի մասին
- Ներկայացվել են «Հյուսիս-հարավ» ծրագրում ներգրավված իտալական ընկերությունների աշխատանքի դրական ու բացասական արդյունքները
- ԵՆԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Հյուսիս-հարավ»-ին առնչվող հարցեր
- Շրջայցեր ենք կատարում «Հյուսիս-հարավ» մայրուղու հարևանությամբ գտնվող հուշարձաների տարածքներ. Նազարեթյան
- Չինական ընկերությունը վերացնում է«Հյուսիս-հարավ»-ի թերությունները
- «Հյուսիս-Հարավ»-ի շինարարության դանդաղ ընթացքը պետության հետ կապ չունի. Վահան Մարտիրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան