Չգիտեմ ով, ինչ նկատի ուներ, բայց ես բոլոր մրցակիներին մաղթում եմ անջիղ, աննյարդ քարոզարշավ. Զոհրաբյան
«Ես չգիտեմ ով, ում, ինչ նկատի ուներ, բայց ես բոլոր մրցակիներին, բոլոր քաղաքական ուժերին, իրենց լիդերներին, թեկնածուներին մաղթում եմ բարի տրամադրություն, անջիղ, աննյարդ քարոզարշավ»,- այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Նաիրա Զորհրաբյանը՝ պատասխանելով նախօրեին «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ Panorama.am-ի հարցին։
Հիշեցնենք, որ Փաշինյանը մասնավորապես նշել էր. «Երևանի քաղաքապետի ընտրությունների համատեքստում կան քաղաքական ուժեր, որոնք նաև իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, հեղափոխության առաջամարտիկ ու այսօր գիտե՞ք ինչ է տեղի ունենում, այսօր նրանք գնացել են խորհրդարանում են բանակցում ՀՀԿ-ականների հետ, քուչեքում են բանակցում ՀՀԿ-ականների հետ, տարբեր ռեստորաններում են բանակցում ՀՀԿ-ականների հետ, թե բա՝ տղերք, կլինի՞ դուք այս ընտրություններում ձեր ընտրակեղծարարության ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք էլ, որ հաղթենք քաղաքապետի ընտրություններում, այնպես կանենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի չունենան, խորհրդարանը չլուծարվի, որ դուք մի քանի տարի էլ պատգամավորական մանդատ ունենաք»:
«Կարծում եմ՝ ես նման չեմ հարգարժան պարոն Փաշինյանի մամուլի խոսնակին և նման չեմ «Ելք» դաշինքի մամուլի խոսնակին, որ մեկնաբանեմ նրա հայտարարությունը։ Ինձ համար այսօր կա մեկ ջրբաժան՝ Երևանի լուծված և չլուծված խնդիրներն են։ Ես հիմա զբաղված եմ դրանով, ինձ համար այլ ջրբաժան՝ սև-սպիտակ, և այլն, և այլն չկան»։
Լրագրողներից մեկի հարցին՝ թե ռեստորաններում Հանրապետականների հետ քննարկումներ չե՞ն լինում, պատգամավորը պատասխանեց. «Ես ընդհանրապես ռեստորաններ շատ քիչ եմ հաճախում, սուրճ երբեք չեմ խմում, դա իմ առողջ ապրելակերպի կանոններից մեկն է, որևէ հանրապետականի հետ, կլինի զորացրված, թե չզորացրված, որևէ հանդիպում, մեր թիմակիցներից որևէ մեկը չի ունեցել, քանի որ հանրապետականների օգնությունը մեզ պետք չէ, մենք ունենք բավականաչափ ռեսուրս։ Մեկ անգամ մենք պետք է ցույց տանք բոլորին, որ կարող ենք առանց միմյանց վիրավորելու, առանց նյարդային կոչերի, գնալ խաղաղ նորմալ քարոզարշավի, երևանցին արժանի է, որ իրեն ներկայացնեն ոչ թե ջրբաժաններ, ոչ թե լարված վիրավորանքներ մեկը մյուսի հասցեին, այլ քաղաքական ուժերը ներկայացնեն իրենց ծրագրերն ու տեսլակնները»։
Մեկ այլ հարցի, թե ԲՀԿ-ն հեղափոխությանն իր ներդրումն ունեցել է, նա պատասխանեց. «Եթե մենք 31 պատգամավորով չստորագրեինք վարչապետի առաջադրման համար, ես որևէ կերպ չեմ պատկերացնում, որ առաջադրումը կլիներ։ Մենք միշտ պաշտպանել ենք ժողովրդի ձայնը, ժողովրդի տեսակետը և շարունակելու ենք պաշտպանել»։
Ինչ վերաբերում է քարոզարշավի առաջին օրվա տպավորություններին, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ չի կարողացել հետևել մյուս ուժերի քարոզարշավին՝ զուտ ծանրաբեռնվածության պատճառով։
«Մենք մեր քարոզարշավը տանելու ենք բացառապես պոզիտիվ, լուսավոր նոտաների վրա, առանց վիրավորանքների ու ագրեսիվ հայտարարությունների, քանի որ ուղղակի ժամանակ կկորցնենք դրա վրա և չենք հասցնի երևանցուն ներկայացնել մեր ծրագիրը։ Քաղաքական ուժերին հորդորում եմ լինել բարի»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում հաջողության հասնելու համար պետք չէ քծնել իշխանություններին. Փաշինյան
- Նաիրա Զոհրաբյան. Նուբարաշենը Երևանի աղետի գոտիներից մեկն է
- Նաիրա Զոհրաբյան. Ես չեմ վախենում