Նիկոլ Փաշինյանը և Միկաել Ժանը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Հայաստանում այս տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացումը մեծ պատիվ և պատասխանատվություն է: Այն մեր երկրի պատմության մեջ ամենախոշոր միջազգային միջոցառումն է: Բարձր ենք գնահատում այս հնարավորությունը և հույս ունենք, որ գագաթաժողովի արդյունքներով ՖՄԿ-ն կդառնա էլ ավելի ամուր և համախմբված կառույց»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կողմից գործադրվում են անհրաժեշտ բոլոր ջանքերը և տարվում են ակտիվ կազմակերպչական աշխատանքներ, որպեսզի գագաթաժողովն իր մթնոլորտով և կազմակերպչական մակարդակով համապատասխանի հռչակված՝ «Ապրել միասին» կարգախոսին:
Միկաել Ժանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ Հայաստանը՝ որպես Ֆրանկոֆոնիայի կարևոր դերակատար և գործընկեր, բարձր մակարդակով կկազմակերպի 17-րդ գագաթաժողովը: Նրա խոսքով՝ Ֆրանկոֆոնիան մեծ ներուժ ունի երկրների միջև լայն համագործակցության զարգացման համար, և անհրաժեշտ է համատեղ ակտիվ աշխատել այն լիարժեք իրացնելու ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են Երևանում անցկացվելիք գագաթաժողովին վերաբերող բովանդակային և կազմակերպչական հարցեր: Ի թիվս գագաթաժողովի շրջանակում նախատեսված միջոցառումների, կարևորվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում նորարարությունների թեմայով հատուկ համաժողովի անցկացումը, որի արդյունքում ակնկալվում է ստեղծել թվային ոլորտում համագործակցող ֆրանկոֆոն նախարարների ցանց: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հսկայական ներուժ ունի նորարարությունների, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, և ֆորումը լավ հնարավորություն է՝ փորձով փոխանակվելու, թվային կառավարման զարգացման տեսլականի շուրջ մտքեր փոխանակելու և համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից:
Ընդգծվել է նաև գագաթաժողովի շրջանակում տնտեսական համագործակցության թեմայով կազմակերպվելիք բիզնես ֆորումի կարևորությունը, որը, Նիկոլ Փաշինյանի և Միկաել Ժանի կարծիքով, կնպաստի ֆրանկոֆոն պետությունների միջև տնտեսական կապերի հաստատմանը և ընդլայնմանը:
Նիկոլ Փաշինյանը և Միկաել Ժանը կարևորել են Ֆրանկոֆոնիայի դերը ֆրանսերենի տարածման և ՖՄԿ ընդհանուր արժեքների առաջմղման գործում:
Վարչապետը բարձր է գնահատել Միկաել Ժանի ներդրումը պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ՖՄԿ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:
Հարակից հրապարակումներ`
- ՖՄԿ գլխավոր քարտուղար. ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին երկրների ղեկավարները քննարկելու են աշխարհի համար կարևոր հարցեր
- ԱԳ նախարար. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լինելու է կարևոր ու նաև ուրախ իրադարձություն
- ԱԳ նախարար. Նպատակ ունենք հնարավորինս պրակտիկ արդյունքներ ունենալ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում
- Հայաստանը պատրաստ է բարձր մակարդակով անցկացնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան