Հայաստանում գողերի ժամանակն անցել է. Նիկոլ Փաշինյան
«Սա դավադրություն է, սա հանցագործություն է Հայաստանի պետականության նկատմամբ»,-Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը:
Նա նշեց, որ հանձնարարել է ԱԱԾ-ին, ոստիկանությանը ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին և նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության։
Ն. Փաշինյանն ասաց, որ դեռևս երբ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր էր, թերում հրապարակել էր տեղեկություն, որ՝ «մեր տեղեկություններով որոշ օլիգարխների և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ժողովրդից թալանված միջոցներով ձեռք են բերել գաղտնալսման սարքեր և, ըստ էության, պետության հատուկ ծառայություններին զուգահեռ ստեղծել են հատուկ ծառայություններ պետության մեջ»:
«Բոլոր չակերտավոր հատուկ ծառայությունները, ապօրինի զինված խմբավորումները սափրագլուխների և ախրանաների տեսքով, հայտնաբերվելու և ոչնչացվելու են, բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են»,- հայտարարեց վարչապետը:
Ն. Փաշինյանն ասաց, որ այստեղից ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգում է այս պահից իրականացնել ռեյդեր օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես կոչված, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել բոլորին:
«Պարոնայք Արթուր Վանեցյան և Վալերիյ Օսիպյան, երկու ժամից ես լսեմ ձեր զեկույցը կատարված աշխատանքների և արձանագրված արդյունքների մասին: Ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու: Հայաստանում գողերի ժամանակն անցել է, ամերիկաներից լինի, ռուսաստաններից լինի, ավստրալիաներից լինի, գտնելու ենք, բերելու ենք իրենց և իրենց գողացած ամեն լումա, ամեն կոպեկ, ամեն դոլար», -նշեց նա:
Ն. Փաշինյանը դիմեց Հայաստանի նախկին նախագահներին. «Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, դուք որոշել եք Հայաստանի ժողովրդին մարտահրավեր նետել, դե մարտահրավերը տեսեք, դե հիմա սպասեք»։
Նա նաև ասաց, որ ԱԱԾ-ից և ոստիկանությունից պահանջում է երկու ժամվա ընթացքում կարգ ու կանոն հաստատել ամբողջ հանրապետության տարածքում. «Եթե տեսնենք, որ նրանք ի վիճակի չեն դա անել, մենք էլի ձևերը գիտենք, էն կամուֆլյաժս կհագնեմ և հատ-հատ, փողոց առ փողոց, տուն առ տուն կարգուկանոն կհաստատենք Հայաստանի Հանրապետությունում։ Բայց Հայաստանում պետք է շարունակի տիրել սիրո և համերաշխության մթնոլորտ»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ երկրորդ նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խափանման միջոցն ընտրվել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ
- Վահե Գրիգորյանը՝ սկանդալային հեռախոսազրույցի այն հատվածի մասին, որտեղ իր անունն է նշվում
- Սամվել Մարտիրոսյան. Շատ մեծ հավանականություն կա, որ նույնիսկ Փաշինյանի հեռախոսն են գաղտնալսում
- Վանեցյան. Պարզվեց՝ միջոցներն արդյունավետ չեն
- Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից. ՀՔԾ պետի հայտարարությունը
- Վարչապետը՝ սկանդալային հեռախոսազրույցի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան