Վարչապետը՝ սկանդալային հեռախոսազրույցի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ համացանցում հրապարակված սկանդալային հեռախոսազրույցին, որը տեղի է ունենում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջև:
Վարչապետը հայտարարեց, որ քիչ առաջ իր մոտ է հրավիրել ԱԱԾ պետին, որպեսզի մամուլի ասուլիս հրավիրի և պարզաբանումներ ներկայացնի:
«Համենայնդեպս, այս ողջ պատմության մանրամասներին տիրապետում եմ, այսինքն՝ այդ հայտնի օրերին ինչ է տեղի ունեցել, դրանից առաջ և հետո ինչ է տեղի ունեցել Հայաստանում, հիմա ինչ է տեղի ունենում, բնականաբար, ես այդ կոնտեքստին տեղյակ եմ: Բայց այսօր Ձեր թույլտվությամբ դեռևս մանրամասներին չեմ անդրադառնա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև ասաց, որ այդ պարզաբանումներին դեռ կանդրադառնան։
Միաժամանակ վարչապետը նշեց, որ հիմա պետք է հասկանան, թե ինչ է տեղի ունենում:
«Տեղի է ունեցել ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի գաղտնալսում։ Ո՞վ է արել էդ գաղտնալսումը, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով։ Արդյո՞ք օրենքով նա իրավունք ունեցել է այդպիսի գաղտնալսում իրականացնել, և ե՞րբ է տեղի ունենում այդ գաղտնալսումը, և ո՞րն է այդ գաղտնալսման քաղաքական հետևանքը»,-հարցեր հնչեցրեց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ օգոստոսի 17-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է, որ իր կարծիքով, Մարտի 1-ի գործը բացահայտված է, և տարբերակ չկա, «բոլոր մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ»։
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ այսօր ՀՀ-ում տեղի է ունենում կոռուպցիայի դեմ պայքար:
«Տեղի է ունենում կոռուպցիայի դեմ պայքար մի պայմաններում, երբ ամբողջ դատական համակարգը նշանակված է այդ կոռուպցիոն համակարգի կողմից և սպասարկել է երկար տարիներ այդ կոռուցիոն համակարգին, պլանավորված է այդ կոռուցիոն համակարգին սպասարկելու համար:
Ես վարչապետ ընտրվելուց հետո ինչի բա՞ն եմ թաքցրել ձեզնից: Ասել եմ՝ մինչև օրս դատավորները զանգում են խաբար են ուղարկում, թե ինչ անենք, այս հարցը ո՞նց որոշենք, այն հարցը ո՞նց որոշենք: Դրանում ոչ մի գաղտնիք չկա, և ես ասել եմ, որ հրաժարվում են դատական համակարգին տալ հրահանգներ, և մենք հրաժարվել նք դատական համակարգին տալ հրահանգներ: Բայց դա չի նշանակում, որ դատական համակարգից տարբեր մարդիկ մեզ չեն զանգել ասել՝ բա այս գործով ի՞նչ անեմ, խնդրում եմ՝ ասեք, վայ վախենում եմ, այս գործը չգիտեմ ոնց անեմ, այն գործը չգիտեմ ոնց անեմ», - նշեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան