Արգենտինական տանգոյի շաբաթ՝ Հայաստանում
Սեպտեմբերի 10-16-ը Հայաստանում երրորդ անգամ տեղի կունենա «Արգենտինական տանգոյի շաբաթ», որին կմասնակցեն արգենտինացի պարողներ Խորխե Մենդոսան և Անաբել Սալդանյա Մարտինեսը, ինչպես նաև Խուլիո Սաավեդրան և Տեկլա Գոգրիչիանին:
«Արգենտինական տանգոյի շաբաթ»-ը կազմակերպում է Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը, իր գործընկերներ Converse Bank-ի, Karas Wines-ի և ՀԲԸՄ Հայաստանի հետ միասին։
«Այս անգամ ընդլայնում ենք սահմանները և հրավիրում ենք վայելելու տանգոյին նվիրված մի շարք միջոցառումներ ոչ միայն Երևանում, այլ նաև` Գյումրիում և Իջևանում: Ողջ շաբաթվա ընթացքում հնարավորություն կունենանք մասնակցելու տանգոյի մի շարք միջոցառումների, ներառյալ` արգենտինական հռչակավոր այս պարի մասին պատմող վավերագրական ֆիլմերի շարքի ցուցադրության, ինչպես նաև նվագախմբի մասնակցությամբ համերգի, որին կհետևի վարպետության դաս տանգոյի բոլոր սիրահարների համար»,- հայտնում են ՀՀ-ում Արգենտինայի դեսպանությունից։
Սեպտեմբերի 11-ին ժամը 19.00-ին ցուցադրվելու է «Վերջին տանգոն» ֆիլմը, սեպտեմբերի 12-ին ժամը 19.00-ին` «Պիչուկո» ֆիլմը, իսկ սեպտեմբերի 13-ին ժամը 19.00-ին՝ «Տանգոն», որը կփոխանցի արգենտինական տանգոյի ողջ կիրքը: Ֆիլմերը կցուցադրվեն ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) Երևանի մասնաճյուղում (Մելիք Ադամյան 2): Ֆիլմերը անգլերեն ենթագրերով են: Ցուցադրությունների մուտքն ազատ է:
Այնուհետև տանգոյի ոգին կուղևորվի Իջևան, որտեղ սեպտեմբերի 14-ին ժամը 18:00-ին, Շատրվանների հրապարակում կմեկնարկի տանգոյի գեղեցիկ շոուն, որին կհետևի վարպետության դաս: Սեպտեմբերի 15-ին, ժամը 19:30-ին արդեն Գյումրիի Թատերական հրապարակում կկայանա տանգոյի վառ ներկայացում: Արգենտինական տանգոյի շաբաթը կեզրափակվի սեպտեմբերի 16-ին, ժամը 18:00-ին, Գաֆեսճեան քանդակների պարտեզում կայանալիք համերգով և վարպետության դասով:
Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան նշել է, այս միջոցառումները նպատակ ունեն մշակութային կամուրջի միջոցով էլ ավելի մոտեցնելու երկու ժողովուրդներին, հատկապես այնպիսի զգացմունքային ու կրքոտ պարի միջոցով, ինչպիսին է տանգոն: