Իվետա Տոնոյան. Կամ ընտրակաշառքի մասին փաստեր ներկայացրեք, կամ կպատժվեք
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից Երևանի ավագանու ընտրություններում ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը «Ծառուկյան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը կեղծ է որակում, պահանջում կամ փաստեր ներկայացնեն, կամ էլ լուրեր տարածողներին պատժեն։
«Անդրադառնալով վերջին օրերին որոշ շրջանակների կողմից պարբերաբար շրջանառվող կեղծ լուրերին, թե իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք է բաժանում՝ դիմում եմ ՀՀ իրավապահ մարմիններին:
Եթե նման ստահոդ տեղեկություններ տարածող անձինք անհապաղ չներկայացնեն ընտրակաշառք բաժանելու լուրերը հաստատող իրական փաստեր, ապա մենք դիմելու ենք պատկան մարմիններին՝ համապատասխան քննություն իրականացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Հանրությանը մոլորության մեջ գցող և կուսակցության բարի համբավն արատավորել փորձող յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի պատասխանատվության՝ օրենքի ամբողջ խստությամբ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր՝ ընտրակաշառք չի բաժանվելու։