Փոխնախարար. Կարծում եմ, լոլիկի բարձր գինը հիմնավորված չէ
Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի կարծիքով, խանութներում լոլիկի բարձր գինը հիմնավորված չէ։
«Մենք սովոր ենք, որ տարվա այս ժամանակահատվածում լոլիկի գինը լինի 120-150 դրամ։ Իհարկե, ավելի լավ ապրանքային տեսք ունեցող ապրանքն ունեցել է ավելի բարձր գին՝ 250-300 դրամ։ Բայց ոչ 700-800 դրամ, մենք գործնականում նման իրավիճակ չենք ունեցել, այսօրվա գործող գները հիմնավորված չեն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց փոխնախարարը։
Նա չի բացառում, որ վերավաճառողներն օգտվում են առիթից։
«Ուղղակի անհամեմատելի են մեծածախ ու մանրածախ գները, որոնք կան հատկապես սուպերմարկետներում»,-նշեց Պետրոսյանը, միաժամանակ չնշելով, թե որքան պետք է լիներ լոլիկի իրատեսական գինը, հաշվի առնելով այս տարվա եղանակային պայմանները։
Չնայած գներին` նախարարությունում չեն պատրաստվում դիմել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով կամ էլ պետական այլ մարմնի։
«Մինչև խնդիրներով փորձեն զբաղվել ու լուծումներ տան... Նախ իհարկե դա շատ բարդ կլինի, որովհետև շուկայի վրա շատ դժվար է վերահսկողության իրականացումը, քանի որ տասնյակ հազարավոր տնտեսվարողներ կան։ Բնական է, որ որևէ մեկը չի կարող գյուղացուն գին պարտադրել»,-ասաց Պետրոսյանը։
Նա կարծում է, մինչև ուսումնասիրություններն ավարտվեն, գնահատականներ տրվեն, լոլիկի սեզոնն էլ կավարտվի։
Նախարարության ներկայացուցչի խոսքով, լոլիկի առաջարկը զգալիորեն կրճատվել , քանի որ դաշտերը չորացել են, բերքը փչացել է շոգի ու ջրի պակասի հետևանքով, բացի այդ էլ նախորդ տարվա համեմատ լոլիկի ցանքատարածություններն էլ են կրճատվել։
«Նախորդ տարվա համեմատ մոտ 1500 հա նվազել են ցանքատարածությունները։ Դեռ վաղ գարնանից անհանգստություն կար, որ ջրամբարներում ջրի խնդիր կա, խնդիրը գնալով սրվեց։ Գյուղացիական տնտեսություններն էլ այդ մտավախությամբ չմշակեցին, քանի որ լոլիկը բավականին մեծ ջրի պահանջարկ ունի։ Լոլիկի ցանքերը ոռոգվում են 18-20 անգամ, իսկ այս տարվա շոգի պայմաններում՝ ավելի շատ»,-մանրամասնեց փոխնախարարը։
Նրա խոսքով, դաշտերի չորացմանը նպաստել է նաև ցերեկային ու շոգ ժամերին ջրելը, դրա հետևանքով բույսը շոգեխաշվել է։ Պետրոսյանը հիշեցնում է, որ արտահանվում է ջերմատների լոլիկը, քանի որ բաց դաշտում աճած պոմիդորի ապրանքային տեսքն առանձնապես լավը չէ, բացի այդ էլ փոխադրելու համար պիտանի չէ։
«Այսօր շուկայում նաև մեծ քանակությամբ ջերմատնային լոլիկ կա։ Իհարկե, ապրանքային տեսքով ջերմատնային լոլիկն է լավ, սակայն համային հատկանիշներով, անկասկած բաց դաշտի լոլիկը գերազանցում է»,-ներկայացրեց փոխնախարարը։
Պաշտոնյան հիշեցնում է, և նախարարը, և ինքն աշխատանքի են անցել այն ժամանակ, երբ ցանքն ավարտված էր կամ այդ փուլում էր, ուստի ընթացիկ տարվա ցուցանիշների վրա հնարավոր չէր որևէ կերպ ներգործել։
«Նախարարն էլ ասաց, եթե կան հաջողություններ, մեզ չենք վերագրում, եթե կան խնդիրներն էլ, մեզ չեն առնչվում։ Մենք հիմա դնում ենք եկող տարվա բերքի հիմքերը։ Հիմա մենք լուրջ փոփոխություններ ենք կատարում մի քանի ծրագրերում, որոշ ծրագրեր ընհանրապես չեն շարունակվի ցածր արդյունավետության պատճառով՝ օրինակ դիզվառելիքի, պարարտանյութի, սերմացուի սուբսիդավորումը։ Հիմա նոր ծրագրեր են մշակվում, կարծում եմ, դրանք կլինեն ավելի հասցեկան, հնարավորություն կստեղծվի, որ մեր գյուղացին շահագրգռված կլինի զբաղվել հողագործությամբ, ոչ թե հակառակը, որ տարեցտարի հեռանում է հողից»,-ասաց Պետրոսյանը։
Նրա ներկայացրած տվյալներով, Հայաստանում վարելահողերի 1/3-ը չի մշակվում, իսկ մյուսներն էլ ոչ բարձր արդյունավետությամբ են օգտագործվում։ Պետրոսյանը վստահ է՝ նոր ծրագրերը իրավիճակը կմեղմացնեն։
Հարակից հրապարակումներ`
- Լոլիկի թանկացման պատճառների ու հետևանքների մասին ահազանգում է Դավիթ Պիպոյանը
- Ի՞նչ եղավ Հայաստանի ձմերուկը
- Սննդագետ․ Ձմերուկի թանկ լինելու պատճառով իրացումը նվազել է
- Սննդագետ. Թանկացման հետևանքով մարդիկ նախապատվություն են տալու դատարկ կալորիաներին ու անորակ սնունդին
- Սննդագետ. Պետք է վախենալ ոչ թե ամերիկյան ընկերությունից, այլ ոլորտի բարձիթողի վիճակից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին