«Խաղացողը». Քըրքորյանի 98 տարվա ոգեշնչող պատմությունը, չքավորությունից մինչև հարուստ ու շքեղ կյանք
Ամերիկահայ բարերար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանն ինքնամփոփ մարդ էր, նա ամենից շատ կարևորում էր իր անձնական կյանքի գաղտնիությունը, երբեք հարցազրույցներ չէր տալիս, սակայն հետաքննող լրագրող Ուիլյամ Ռեմփելը «Խաղացողը» գրքով փորձել է բացահայտել Քըրք Քըրքորյանին՝ ինչպես աղքատ, թերուս տղան դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը:
Սեպետմբերի 10-ին տեղի ունեցավ «Խաղացողը» գրքի երևանյան շնորհանդեսը: Նշենք, որ «Խաղացողը» լույս է տեսել 2018 թ. հունվարի 23-ին: «Էդիթ Պրինտ» հրատարակչությունն անմիջապես գնել է այն թարգմանելու և հրատարակելու հեղինակային իրավունքը: Ամերիկյան բեսթսելերը հայերեն թագմանել են Ալինա և Աննա Միրզոյանները:
«Խաղացողը» ներկայացնում է ամեն ինչի ինքնուրույն հասած և հսկայական ժառանգություն թողած ձեռնարկատիրոջ հետաքրքրաշարժ կյանքը։
«Սա Քըրք Քըրքորյանի իննսունութ տարվա ոգեշնչող պատմությունն է՝ պատմություն մի տղայի, որը ոտաբոբիկ վազվզում էր Քալիֆորնիայի Սան Խոակին հովիտի բերքառատ ու փափուկ հողի վրայով, մինչև ընտանիքի ֆինանսական քաոսը նրան քաղաքի տղա դարձրեց, որը ստիպված էր պայքարել Լոս ԱՆջելեսի կեղտոտ մայթերին իր տեղը գտնելու համար։ Նա պինդ տղա էր, որը լաց էր լինում հուղարկավորությունների ժամանակ, համեստ մարդ, որ գաղտնի հպարտանում էր իր ձեռքբերումներով, բիզնեսում հանճար, որ արհամարհում էր «Էմ-Բի-Էյ»-ի խորհրդատուներին, համարձակ օդաչու և կինոմագնատ, մոլի խաղացող, որը գերբնական հմտությամբ` նվազագույն ռիսկերով, ամենահավանական ելքի վրա էր խաղագումարը դնում»,- գիրքը սկսվում է հետևյալ տողերով:
Շուրջ 3 տարի Ուիլյամ Ռեմփլեն աշխատել է գրքի վրա, բոլոր հնարավոր աղբյուրներից փաստեր հավաքել Քըրքորյանի մասին: Հեղինակը պատմում է՝ գիրքը գրելու ժամանակ բացահատել է, որ Քըրքորյանը սկսել է ոչնչից՝ առանց անգամ մի գրոշ ժառագության, մինչդեռ այդ ոչինչը խաղասեղանին դնելով վերածել է միլիարդավոր դոլարների։
«Էդիթ Պրինտ» հրատակաչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանը շնորհանդեսի ժամանակ հայտնեց, որ գրքի ռուսերեն թարգմանության և հրատարակման իրավունքը ևս «Էդիթ Պրինտ»-ն է, և մինչև տարվա վերջ կհրատարակվի նաև «Խաղացողը» գրքի ռուսերեն տարբերակը:
Թարգմանչուհի Ալինա Միրզոյանը նշեց , որ ընթերողն այս գրքի միջոցով կբացահայտի հետաքրքիր մի մարդու, մեծ բարեգործի: «Քըրքորյանը ինքնամփոփ մարդ էր, և շատ բան չգիտենք նրա մասին: Կարծում եմ, որ շատ հետաքրքիր կլինի կարդալ այս գիրքը, որը ներկայացնում է Քըրքորյանի պատանեկությունից մինչև կյանքի մայրամուտն ընկած ժամանակահատվածը»,- ասաց թարգմանչուհին:
«Խաղացողը» փաստագրական գիրք է. բոլոր մեջբերումներն ու նկարագրական տեսարանները հիմնված են ականատեսների հուշերի կամ նախկինում հրատարակված պատմությունների վրա։ Շատ գրքեր, թերթերի և ամսագրերի հոդվածներ են տեղեկության աղբյուր հանդիսացել այս պատմության համար, այդ թվում Դայալ Թորգերսոնի «Քրքրորյան. Ամերիկյան հաջողության պատմություն» գիրքը, որը հրատարակվել է 1874 թվականին։
Ուիլյամ Ռեմփելը գրում է, որ մանկության տարիներին Քըրքի գաղթական ընտանիքը կորցրել է Կալիֆորնիայի գրավադրված ագարակը, և դատարկ գրպաններով տեղափոխվել Լոս Անջելես, ապա այդպես շարունակ տեղից տեղ էին գնում՝ միշտ մի քայլի վրա գտնվելով նորանոր վտարումներից։ Փոքրիկ Քըրքը անգլերեն էր սովորում Լոս Անջելեսի փողոցներում, լրագրեր վաճառելով՝ գրոշներ վաստակում, իսկ ութերորդ դասարանից էլ ուսումը կիսատ թողնում։ Իսկ թե ինչպես նա կարողացավ դառնալ Ամերիկայի ամենահարուստ և ամենաառատաձեռն մարդկանցից՝ 20 մլրդ դոլարի հասնող կարողություն կուտակելով, շատ քիչ է հայտնի աշխարհին, քանի որ նա ամենից շատ կարևորում էր իր անձնական կյանքի գաղտնիությունը։
Հետաքննիչ լրագրող Ուիլյամ Ռեմփելը ի հայտ է բերում Քըրք Քըրքորյանի կյանքի՝ երկար ժամանակ գաղտնի պահած պատությունը՝ ներկայացնելով հակասություններով լի մարդուն՝ թերի կրթությամբ, որը, սակայն ամենահամարձակ ու հանդուգն բիզնես-նախաձեռնությունների հեղինակ էր։
Հարակից հրապարակումներ`
- Քըրք Քըրքորյանի մասին «Խաղացողը» գրքի շնորհանդեսը կանցկացվի ազգային հերոսի անունը կրող դահլիճում
- Վանաձորում կանցկացվի Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը
- Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը թարգմանվում է հայերեն