Քաղաքում առաջինը մարդն է, հետիոտնը, հետո նոր մեքենաներն ու ամեն ինչը. Արսեն Կարապետյան
«Լուրջ խնդիր է։ Մենք չենք կարող ուժային մեթոդով վերցնենք ու կցակառույցները քանդենք, որովհետև մարդիկ են ապրում, բիզնես ունեն։ Իրողություն է, որ ունենք, պետք է մեխանիզմներ մշակել ու կամաց-կամաց լուծել այդ հարցը»,- «Մեդիա կենտրոնում» «Երևանի ճարտարապետական դիմագիծն ու կառուցապատման խնդիրները. ի՞նչ լուծումներ են առաջարկում թեկնածուները» թեմայով քննարկմանն ասաց «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածու, ճարտարապետ Արսեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես եք պատկերացնում կցակառույցների հարցի լուծումը։
Նա նշեց, եթե բնակիչները չեն ուզում, որ իրենց բակում որևէ բան կառուցվի, չպետք է կառուցվի, բացառվում է, առաջնայինը համայնքի բնակիչների կարծիքն է։ Ճարտարապետն ընդգծեց, որ համայնքների ինքնակազմակերպումը պետք է շատ բարձր մակարդակի լինի։
Ինչ վերաբերում է ավտոտնակներին, Ա. Կարապետյանի կարծիքով, մշակութային խնդիր է, գալիս է խորհրդային միությունից, որ մեքենան, շատ թանկ, դժվար ճարվող էր, կարծես մեքենան ավելի մեծ արժեք ուներ, քան մարդը։
«Արժեքային նոր սանդղակ պետք է առաջարկվի։ Քաղաքում առաջինը մարդն է, հետիոտնը, հետո նոր մեքենաներն ու ամեն ինչը»,- ասաց ճարտարապետը։
Ավտոտնակների խնդրի լուծման համար, նրա խոսքով, պետք է քաղաքաշինական այլ լուծումներ մտածել, օրինակ՝ կառուցել ավտոկանգառներ տանիքներով, չնայած դա էլ դժվար է, քանի որ հատկապես կենտրոնում տեղը քիչ է։
«Բայց մշակութային աշխատանքը պետք է սկսել այսօր, մարդկանց բացատրել, որ կարևորը դու ես, քո երեխան, զբոսնելու տեղը, հետո նոր մեքենան»,- ասաց ավագանու թեկնածուն։
Քննարկմանը ներկա «Լույս» դաշինքից Անի Սամսոնյանն ասաց, որ այն պատկերն, ինչ հիմա կա, դժվար է ասել՝ պետք է քանդել։ Նրա խոսքով, պետք է տալ ունիվերսալ մոտեցում, այն շենքերը, որոնք կառուցվում են շինարարական նորմերի կոպիտ խախտումներով, որոնք բազմաթիվ են, դրանց կառուցապատումները պետք է վերանայվեն։ Նա ասաց, որ պետք է գոտեվորման փաստաթղթերով առանձին տարածքներ լինեն բնակելի թաղամասերի համար, որոնք որևէ կերպ չեն ստվերելու, չեն խանգարելու մյուս բնակելի շենքերին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան