Ֆերիկի դպրոցում կրքերը չեն հանդարտվում
Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ գյուղի դպրոցում այս պահին 44 աշակերտներից միայն կեսն է դասի նստած։ Պատմության ուսուցիչ Ռուբեն Խաչատրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ ամեն ինչ սկսվել է սեպտեմբերի 1-ին դպրոցում տեղի ունեցած բողոքի ակցիայից, իսկ սեպտեմբերի 3-ին էլ ոչ մի աշակերտ դպրոց չի եկել։ Երեկ էլ ուսուցիչներն են նախազգուշական դասադուլ արել։
«Ուսումնական տարվա սկզբին անառողջ մթնոլորտ էր ձևավորվել որոշ ծնողների և ուսուցչական կոլեկտիվի միջև: Այդ անցանկալի իրավիճակի հեղինակները գյուղի բնակիչներ չհանդիսացող անձինք են»,-ասում է ուսուցիչն ու կարծիք հայտնում, որ դպրոցի տնօրեն Լևոն Պողոսյանի դեմ ուղղված ակցիայի ու բողոքի հետևում կանգնած է դպրոցից կրճատված ուսուցիչներից մեկը։
Խաչատրյանը մանրամասնում է, քանի որ ներառական ուսուցման ժամանակ ուսուցիչներին օգնականներ էին տրվում, նախորդ տարի աշխատանքի են ընդունել երեք մարդու, բայց քանի որ այս տարի բոլոր դպրոցներում ներդրվել է ներառական համակարգը, այդ հաստիքները կրճատվել են։ Ուսուցչի պատմելով, հենց սրա հետևանքով էլ առաջացել է լարվածությունը։
«Մոտեցել է տնօրենին, թե ես անպայման պետք է աշխատեմ։ Տնօրենն էլ բացատրել է, որ այդ հաստիքը կրճատել են։ Նրանք էլ հոխորտացել են, եթե մենք չենք աշխատում, դուք էլ չեք աշխատի։ Օգտվելով մարդկանց անտեղյակությունից, գյուղի բնակիչներին ոտքի են հանել, սեպտեմբերի 1-ին ակցիա արեցին՝ պահանջում էին դպրոցի տնօրենի հրաժարականը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ռ. Խաչատրյանը։
Լևոն Պողոսյանը դպրոցը տնօրինում է 29 տարի, 37 տարի գյուղում ֆիզկուլտուրա է դասավանդում։ Տնօրենից դժգոհողներն ասում են՝ դպրոցի տնօրենը թույլ է, վատ վարչարար է։
Տնօրենին պաշտպանող ուսուցիչները նաև հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ մասնավորապես ասված է. «Իրենց սնամեջ ու անհիմն մեղադրանքները, անբռնազբոս և ցինիկ պահվածքը՝ համեմելով շանտաժով և սպառնալիքներով, հիմք են տալիս մտածելու, որ նրանք ցանկանում են կազմալուծել ուսումնական պրոցեսը և այն ձևախեղել իրենց պատկերացումներին համարժեք: Նրանց որոշ շեշտադրումներ խաթարում են հասարակության խաղաղ կեցությունը,վնասում եզդի և հայ ժողովուրդների բարիդրացիությանը»։
Դպրոցի ուսուցիչները սեպտեմբերի 10-ին նախազգուշական գործադուլ են իրականացրել ի պաշտպանություն դպրոցի տնօրենի:
«Մի փնտրեք թշնամիներ բարեկամների մեջ: Մանկավարժական կոլեկտիվը լիահույս է, որ հետագա գործողությունները կծավալվեն օրինականության շրջանակներում և դրանով իսկ չի ոտնահարվի երեխաների կրթության իրավունքը»,-նշում են նրանք։
Գործը հասել է մարզպետարան։ Երեկ տեղի ունեցած հանդիպմանը մարզպետին ներկայացրել են իրավիճակը, այսօր տնօրենին կրկին մարզպետարան են հրավիրել։ Դպրոցում հույս ունեն՝ ստեղծված իրավիճակը շուտով կհանդարտվի, դասապրոցեսն էլ բնականոն հունով կընթանա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները