Հայաստանի ու Վրաստանի վարչապետներին ներկայացվել է «Խաղաղության տակառը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի, այսօր երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ պաշտոնական ընթրիքից հետո Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն շրջայց են կատարել Երևանի կոնյակի գործարանի Արարատ թանգարանում, որտեղ ծանոթացել են հայկական Արարատ կոնյակի պատմությանը և արտադրական գործընթացին:
Վարչապետներին նաև ներկայացվել է «Խաղաղության տակառը», որում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994 թ. կոնյակի սպիրտ. այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը:
Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն իրենց ստորագրությունն են թողել գործարանի հուշագրքում և մասնակցել անվանական տակառների հիմնադրման արարողությանը, որոնք հնեցման են դրվել ի պատիվ Հայաստանի և Վրաստանի վարչապետների այցի:
Երեկոյան ավարտվել է Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան։ Մամուկա Բախտաձեին և Վրաստանի պատվիրակությանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ճանապարհել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի հետ հարաբերությունները. Մնացականյան
- Հայաստանն ու Վրաստանը թևակոխում են պատմության մի շրջան, որը կարելի է բնութագրել որպես եղբայրական և գործընկերային. ՀՀ նախագահ
- «Ամբիցիոզ» ծրագիր՝ 1 մլրդ դոլարի մակարդակի. Վրաստանի վարչապետի առաջարկը
- Վստահ եմ` վարչապետը ցորենի ներմուծման հարցը կներկայացնի Վրաստանի վարչապետին. գյուղնախարար