Դուք անում եք այնպիսի հայտարարություններ, որը վտանգում է ներդրումային դաշտը. Աճեմյանը՝ Փաշինյանի
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց ներդրումային և տնտեսական քաղաքականությունից։
«Ես հասկանում եմ, որ Դուք ֆրանսերենի դասերի, հանրահավաքների, կոռուպցիայի դեմ պայքարի արանքում դժվարանում եք տնտեսությամբ զբաղվել, բայց ես Ձեզ պետք է տեղեկացնեմ շատ մտահոգիչ փաստի մասին։ Միջազգային վերլուծաբանները հրապարակել են մի թիվ, որը վերաբերում է երկրորդ եռամսյակին, ՀՀ-ում ներդրումների ստացման ծավալը նվազել է 43 տոկոսով։ Դրանից հետո, ընդամենը օրեր առաջ, ՌԴ-ում հանդիպել եք գործարարների հետ, և այդ երեքուկես ժամանոց հանդիպումից հետո մամուլում հրապարակումներ եղան, նաև գործարարներ եղան, ովքեր հայտարարեցին, որ կարող են իրենց ակտիվները հանել ՀՀ-ից։ Դուք անում եք այնպիսի հայտարարություններ, որը վտանգում է ներդրումային դաշտը»,- նշեց Աճեմյանը։
Նա հարցրեց Փաշինյանին՝ Ձեր հայտարարություններով, սպառնալիքներով չե՞ք վտանգում տնտեսությունը։
«Տիկին Աճեմյան, բոլոր միջազգային կառույցները, բոլոր ժամանակներում արձանագրել են որ ներդրումային միջավայրի համար կա երեք հիմնական խոչընդոտ ցանկացած երկրում՝ կոռուպցիա, մենաշնորհ-օլիգարխիա, կոռումպացված դատական համակարգ։ Կարծում եմ՝ ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով ենք առաջին հերթին լրջագույն պայքար մղում կոռուպցիայի դեմ։ Կարող ենք ասել, որ կոռուպցիան ջախջախված է ՀՀ-ում, մենաշնորհներ չկան ՀՀ-ում և անկախ դատական համակարգի ձևավորումն ընթացքի մեջ է»,- պատասխանեց վարչապետը։
Նա ասաց, որ մտահոգությունները կարող են փարատել հետևյալ տվյալներով՝ հունիսին ունեցել են 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, հուլիսին՝ 11,1:
«Մեր բանկային համակարգում ավանդներն այսօր ավելին են, քան երբևէ, վերջին ամիսներին մեր բանկային համակարգի ակտիվներն աճել են շուրջ 100 մլն դոլարով, վարկային պորտֆելը նույնպես լրջագույն աճ է ունեցել։ Իսկ Ձեր նշած ժամանակահատվածում, ցավոք, նաև Ձեր խմբակցության հետ կապ ունեցող մի շարք անձինք որոշել են իրենց փողերը ՀՀ-ից հանել, և դրա համար էլ արդյունքում ստացվել են Ձեր նշած ցուցանիշները։ Վստահեցնում եմ՝ բոլորը փողերը կգտնվեն և ետ կբերվեն ՀՀ»,- ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ բոլոր մտահոգությունները պետք է ընդունեն որպես ի գիտություն։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում