Իմ փորձը միշտ բերել եմ ի նպաստ իմ քաղաքի՝ այն ավելի հարմարավետ դարձնելու. քաղաքապետի թեկնածու
Արդեն երկու օր է՝ մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Առաջիկա օրերի ընթացքում ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան Երևանի խնդիրներին լուծում տալու սեփական տեսլականով։
Հատկանշական է, որ քարոզարշավի իրենց գործողությունները հանրությանն ակտիվորեն ներկայացնող ուժերին զուգահեռ՝ կան այնպիսիք, որոնք չեն շտապում բարձրաձայնել սեփական քայլերի մասին, ընտրություններին ընդառաջ նրանց գործողությունները մնում են ստվերում։ Panorama.am-ի թղթակիցը զրուցեց այդպիսի ուժերից մեկի՝ «Ռեֆորմիստների» կուսակցության ցուցակը գլխավորող Արտակ Ավետյանի հետ։
Panorama.am- Պարոն Ավետյան, ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավի մեկնարկը, ինչպիսի՞ ընթացք եք կանխատեսում։
Արտակ Ավետյան- Մեկնարկը շատ դրական եմ գնահատում։ Մենք երկուշաբթի օրը նախևառաջ այցելեցինք Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարան, հետո հանդիպեցինք Քանաքեռի բնակիչների հետ։ Զրուցեցինք Երևանի գլխավոր ախտաբան Արմեն Մխիթարյանի հետ, ով ասաց, որ Երևանն իսկապես «շնչելու» կարիք ունի, և որ թոքային-օնկոլոգիական հիվանդությունները վերջին շրջանում մայրաքաղաքում շատացել են։ Հանդիպել ենք նաև Շենգավիթի բնակիչների հետ, լսել նրանց կարծիքները։ Բավականին խնդիրներ կան, որ պետք է լուծել։
Panorama.am- Կասե՞ք՝ որն էր Աբովյանի անվան թանգարան գնալու պատճառը, արդյոք ընտրազանգվածի հետ հանդիպո՞ւմը։
Արտակ Ավետյան- Ոչ, ուղղակի մենք մշակութային մարդիկ ենք, ես կինոռեժիսոր եմ։ Ամեն առավոտ ինչ-որ թանգարան եմ այցելում՝ որպես հարգանքի տուրք։ Իմ թիմից շատ մարդիկ չէին եղել այդ թանգարանում։ Չէի ասի, որ դա քարոզարշավ էր, ավելի շուտ շրջայց էր՝ հաճելին օգտակարի հետ համատեղեցինք։
Panorama.am- Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները հեղափոխության և հակահեղափոխության ընտրություններ են։
Արտակ Ավետյան- Մենք բոլոր երևանցիներ ենք, և ես չեմ գտնում, որ որևէ մեկը հակահեղափոխական է կամ հեղափոխական է։ Բոլորս երևանցիներ ենք, ամսի 23-ից հետո գալու է ամսի 24-ը, 25-ը։ Մենք բոլորս կրկին իրար հանդիպելու ենք և պետք է պարզ ճակատով միմյանց նայենք, և չէի ցանկանա, որ ինչ-որ բաժանումներ տեղի ունենային Երևանում։
Panorama.am- Իսկ ինչո՞ւ երևանցին հենց ձեր քաղաքական ուժին պետք է ձայն տա։
Արտակ Ավետյան- Նախևառաջ, ես անկուսակցական եմ։ Կարծում եմ, որ Երևանի քաղաքապետը պետք է լինի անկուսակցական։ Բացի այդ, ես ունեմ շինարարության փորձ, ութ ամսից ավելի կոորդիանացնում եմ Երևանի «Դվին» հյուրանոցի շինարարական աշխատանքները, նվիրված եմ իմ քաղաքին։ Տարբեր երկրներում սովորելով և ապրելով՝ միշտ վերադարձել եմ Երևան և իմ փորձը բերել եմ ի նպաստ իմ քաղաքի՝ այն ավելի հարմարավետ դարձնելու։
Panorama.am- Պարոն Ավետյան, Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերից ո՞ւմ եք ձեզ մրցակից համարում։
Արտակ Ավետյան- Մրցակից ոչ մեկի չեմ համարում։ Ամեն մեկն իր խմբի մեջ պետք է անի հնարավորը, իսկ երևանցին պետք է որոշի՝ ում է ձայն տալու։ Ես բոլորին հարգում եմ, ոչ մեկին չեմ տեսնում որպես հակառակորդ։ Ես թշնամիներ և հակառակորդներ չունեմ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան