Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նյու Յորք. ԱԳՆ մամուլի խոսնակ
«Սեպտեմբերի տասին տեղի ունեցավ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան, որի ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ ուղղված երկկողմ բարեկամական հարաբերությունների ընդլայնմանը»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով, սեպտեմբերի 15-ից Հայաստան կայցելեն Վրաստանում հավատարմագրված մեկ տասնյակից ավելի արտերկրյա դեսպաններ: Նախատեսվում են նրանց հանդիպումները ՀՀ քաղաքական ղեկավարության հետ:
«Այսօրվանից ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով գտնվում է Ժնևում՝ մասնակցելու Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին: Վաղը կայանալիք ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակի թեմատիկ քննարկմանը նա հանդես կգա բացման խոսքով: Հայաստանն առաջամարտիկ է ցեղասպանությունների կանխարգելման հարցում, և ՀՀ արտգործնախարարի բացման խոսքն այդ համաժողովում հարկավոր է դիտարկել հենց այս համատեքստում»,- ասաց նա:
Տիգրան Բալայանը հիշեցրեց, որ այս օրերին պաշտոնական այցով Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, ով երեկ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին:
«Կայացել են նրա հանդիպումները ՀՀ վարչապետի, արտգործնախարարի հետ: Այսօր տիկին Ժանը և ՀՀ վարչապետը բացում են ֆրանկոֆոն ՀԿ-ների ֆորումը, որին մասնակցում են շուրջ 200 ՀԿ-ների ներկայացուցիչներ ֆրանկոֆոն երկրներից»,- տեղեկացրեց ԱԳՆ ներկայացուցիչը:
Տիգրան Բալայանը նաև հայտնեց, որ Չինաստանի ժողովրդական հանրապետության ԱԳՆ հրավերով սեպտեմբերի 13-17-ը ՀՀ արտգործնախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը կայցելի Պեկին՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով: «Նա կայցելի նաև Շանհայ և հանդիպումներ կունենա տեղական իշխանությունների հետ»,- ասաց նա:
ԱԳՆ խոսնակը հիշեցրեց, որ սեպտեմբերի 14-15-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Փարիզում գտնվելու ժամանակ, կհանդիպի նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Միաժամանակ, հաջորդ շաբաթ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Ստեփանակերտ, ուր կհանդիպի Արցախի ղեկավարության հետ:
Սեպտեմբերի վերջին էլ արտաքին գերատեսչության ղեկավարը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին: Այդ այցելության ընթացքում նախատեսվում են տարբեր հանդիպումներ գործընկերների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:
Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի այցը Նյու Յորք, մասնակցությունը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, նաև վերջնիս ելույթը նստաշրջանի բարձր մակարդակով քննարկումներին: «Նաև նախատեսված են երկկողմ հանդիպումներ, որոնց մասին հավելյալ կտեղեկացնենք»,- ասաց Տիգրան Բալայանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին