Յուրի Տեփանոսյանի հայր. Իմ ասածին տեր եմ
ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ 2016 թվականի հուլիսի 30-ին սպանված 30-ամյա ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանն այսօր հայտարարել է՝ որդուն սպանել են ոչ թե ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամները, այլ ոստիկանները։
«Միանշանակ այո, սպանել են ոստիկանները։ Ինչ ասել եմ, իմ ասածին տեր եմ, երկրորդ միտք չի կարա լինի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Տեփանոսյանը։
Հարցին, թե ինչու է այդ մասին հայտարարում տեղի ունեցածից երկու տարի անց, նա պատասխանեց. «Օրենքները փոխվել են, հիմա նոր խոսում եմ, էն վախտ լրիվ ուրիշ օրենք էր, հիմա՝ ուրիշ։ Իմ համար օրենքը իշխանությունն է, էն ժամանակ ուրիշն էր, հիմա ուրիշ է»։
Հետաքրքրվեցինք, ավելի վաղ նրան ստիպե՞լ են լռել. «Ես հաջորդ դատին ելույթ կունենամ դատարանում, ամեն ինչ կասեմ»։
Հայրը չմանրամասնեց, թե ինչի արդյունքում է նման համոզման եկել, ասաց ամեն ինչի մասին կխոսի մանրամասն. «էդ էլ ես գիտեմ, կասեմ»։
Նա սրտնեղեց, որ իր հայտարարությունը նման արձագանք է ստացել այն պարագայում, երբ անցած տարիներին որևէ մեկը չի հետաքրքրվել, թե ինչպես ու ինչ պայմաններում են ապրում Տեփանոսյանի երեխաները՝ իր թոռները։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 28-ին հրապարկվել են ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկանների դիակների փորձաքննության արդյունքները։ Դրանց համաձայն, Յուրի Տեփանոսյանի մահվան պատճառ է դարձել ողնուղեղի դիֆուզ վնասվածքային ախտահարումը՝ ողնաշարի պարանոցային հատվածի և գանգի դիմային հատվածի համակցված հրազենային, գնդակային, կույր վիրավորում ստանալու հետևանքով, որն անմիջական կապի մեջ է եղել մահվան հետ: Տեփանոսյանի մարմնի վրա հայտնաբերվել է նաև սալջարդ` կրծքավանդակի հետին մակերեսին, այն պատճառվել է սուր եզր ունեցող կույր առարկայով՝ նրա կենդանության օրոք՝ մահվանից անմիջապես առաջ։
Ոստիկանության աշխատակից Յուրի Տեփանոսյանի սպանության համար մեղադրանք էր առաջադրվել «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանին:
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի համար Յուրի Տեփանոսյանը 2016-ին ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանության համար» մեդալով, իսկ ՀՀ ոստիկանության պետի հրամանով նրան հետմահու շնորհվել է լեյտենանտի սպայական կոչում և պարգևատրվել է «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով:
2016-ի դեկտեմբերին Հանրապետության նախագահի հանձնարարությամբ և ոստիկանության պետի միջնորդությամբ՝ Երևանի քաղաքապետարանն անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ է հատկացրել զոհված ոստիկաններ Գագիկ Մկրտչյանի և Յուրի Տեփանոսյանի ընտանիքներին:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գործով հրապարակվել են սպանված ոստիկանների դիակների փորձաքննության արդյունքները
- Ավելի քան 20 հազար մարդ այցելել էր ՊՊԾ գնդի տարածք՝ հարգելու սպանված ոստիկանների հիշատակը
- ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունենում հիշատակի միջոցառում՝ նվիրված սպանված ոստիկաններին
- «Ի՞նչ հերոսներ, նրանք մարդասպան դահիճներ են». սպանված ոստիկանի մայրը՝ «Սասնա Ծռերի» մասին. ՀԺ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան