«Շանթ-2018». ԱԺ աշխատակազմը բերվել է պատրաստականության բարձր աստիճանի
«Շանթ-2018» զորավարժության շրջանակում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը: ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ նախորդ օրը՝ սեպտեմբերի 11-ին, զորավարժության անցկացման շրջանակում տրված հանձնարարականները կատարվել են: Արա Սաղաթելյանը կատարողականը գնահատել է բավարար, առանձին հանձնարարությունների կատարման դեպքերում՝ գերազանց:
Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը խորհրդակցության մասնակիցներին իրազեկել է նոր զարգացումների և իրադրության փոփոխությունների մասին: Իրականացվել է առաջիկա խնդիրների ճշգրտում, տրվել են անհրաժեշտ հանձնարարություններ:
Մասնավորապես, պլանով նախատեսված միջոցառումների իրականացման շարքում Ազգային ժողովի աշխատակազմը բերվել է պատրաստականության բարձր աստիճանի, սահմանվել է շուրջօրյա օրակարգով աշխատանքային ռեժիմ:
Ճշգրտվել են քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային պլանները: Իրականացվել են զինապարտների ու ամրագրման ենթակա պահեստազորայինների անվանացուցակների և Զինված ուժեր զորակոչվելու արդյունքում Աշխատակազմի գործունեության համար կարևոր նշանակություն ունեցող մասնագետների վերաբաշխման ու նրանց փոխարինման անվանացանկերի ճշգրտման աշխատանքներ: Կապի և տեղեկատվության համակարգը նախապատրաստվել է և պատրաստ է պատերազմական կամ ռազմական դրության ժամանակ գործելուն:
Ըստ աղբյուրի, մի շարք հանձնարարականների շարքում անհրաժեշտ նյութական միջոցների ձեռքբերման համար հանձնարարվել է կազմել համապատասխան փաստաթղթեր: Կազմակերպվել է կառավարման կետերի պահպանությունն ու պաշտպանությունը:
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում տրվելու են նոր ընթացիկ հանձնարարականներ:
Հարակից հրապարակումներ`
- «Շանթ-2018» զորավարժության սցենարից շեղումներ չկան. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- Շարունակվում են «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունները
- «Շանթ 2018» զորավարժության շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն