2008 թվականի մարտի 1-ին բանակը չի կրակել, կրակել են անհատ զինծառայողներ. ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ առաջնագիծը նոսրացած չի եղել, առաջնագծում ընթացել է սովորական մարտական աշխատանք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Ես՝ որպես օպերատիվ վարչության պետ, նաև պատասխանատու եմ եղել մարտական հերթապահության կազմակերպման համար: Կարող եմ ասել, որ տվյալ դեպքերի ու առաջնագծի անմիջական գործողություններն իրար հետ պետք չէ կապել»,- հայտնեց Արտակ Դավթյանը:
Նշենք, որ 2007 թվականի հուլիսի 20-ից 2009 թվականի հունվարի 31-ը նա եղել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։
Արտակ Դավթյանը հայտնեց, որ 10 տարվա վաղեմության դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը, որն իրեն հասանելի է եղել, համապատասխան մարմինների հարցումով բոլոր հարցերին պատասխանել է: Ըստ նրա՝ ընթանում է քրեական գործ, որի շրջանակում ամեն ինչ պարզ կլինի. «Ես չեմ կարող մեկնաբանել գործի նյութերին վերաբերող հարցերը»:
Նա միաժամանակ հայտնեց, որ 2008 թ. մարտի 1-ից հետո՝ մարտի 5-ին, Արցախում կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ. «Այդ ժամանակ հակառակորդն ունեցել է 10-12 զոհ, հայկական կողմն ունեցել է 2 վիրավոր: Դրանից հետո, օրինակի համար, մենք 2014-2015 թվականներին ունեցել ենք 80-ից ավելի նման գործողություններ սահմանին»,- ասաց Արտակ Դավթյանը՝ հավելելով, թե այդ դեպքերը կապել Մարտի 1-ի հետ՝ մի քիչ վիճելի հարց է. «Հիմա ինչի՞ հետ կապենք այդ 80 գործողությունները»:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նաև նշեց. «10 առաջվա դեպքերի վերաբերյալ կարող եմ ասել՝ սահմանը չի տուժել, չի թուլացել, իսկ գործողությունը, որը եղել է, կապել-չկապելը պետք է հարցնել երևի հակառակորդին, թե չէ ենթադրություններ կարելի է անել»։
Հարցին՝ մարտի 1-ին բանակը կրակել է բնակարանների ուղղությամբ, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Բանակը չի կրակել բնակարանների ուղղությամբ, եթե կրակել է՝ կրակել են անհատ ինչ-որ զինծառայողներ, որոնք ունեն ազգանուններ, որոնց տակ կանգնած են անհատ մարդիկ: Ընդհանուր բանակը տասնյակ հազարավոր մարդիկ են, հիմա ասում ենք՝ տասնյակ հազարավոր մարդիկ կրակել են: Տասնյակ հազարավոր մարդիկ չեն կրակել, կրակել են կոնկրետ անհատներ»:
Ճշտող հարցին՝ նման հրաման եղե՞լ է, ԳՇ պետը հայտնեց. «Նման հրաման չի եղել»
Հարակից հրապարակումներ`
- Զինված ուժերը ներգրավված են եղել Մարտի 1-ի գործողություններին, դա փաստ է. Տոնոյան
- ՀՔԾ պետ. Քայլեր ենք ձեռնարկելու, որ Սեյրան Օհանյանը Հայաստանից չհեռանա
- Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից. ՀՔԾ պետի հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան