Արտաշատի ԲԿ-ի՝ աշխատանքից ազատված տնօրենը դիմել է դատարան
«Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից մարզպետ Գարիկ Սարգսյանի կարգադրությամբ ազատված Սոկրատ Հախվերդյանը դիմել է դատարան՝ կարգադրությունը չեղյալ ճանաչելու ու իրեն աշխատանքի վերականգնելու պահանջով։
«Բողոքարկել եմ այդ որոշումը, պահանջում եմ՝ կարգադրությունը չեղյալ համարել։ Դատարան դիմելուց հետո ինձ միջնորդավորված մեսիջ են ուղարկել որոշ մարդիկ, դե եթե դուք մեր մարզպետին դատի եք տալիս, մենք էլ ձեր վրա գործ կսարքենք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սոկրատ Հախվերդյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել ու դրան կից գրառում կատարել. «Այսօր իմ կողմից ստորագրված կարգադրությամբ Սոկրատ Հախվերդյանը ազատվեց «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնից, իսկ մեկ այլ կարգադրությամբ Հայկ Համբարձումյանը նշանակվեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Արտաշատում առողջապահությունը ապահով ձեռքերում է»։
Սա այն քիչ դեպքերից է, երբ «Իմ քայլը» կուսակցությանն անդամակցող պաշտոնյայի որոշմանը հրապարակայնորեն նաև քննադատաբար ու բացասաբար արձագանքողներ են եղել։ Նույնիսկ մի քանիսը «համարձակություն են ունեցել» գրելու, որ Արարատի մարզպետի ընտրության հարցում Փաշինյանը սխալվել է։ Իհարկե, եղել են նաև Համբարձումյանին շնորհավորողներ ու Հախվերդյանին ազատելուն դրական արձագանքողներ։
Սոկրատ Հախվերդյանի խոսքով, մարզպետի հետ հանդիպել է մեկ ու կես ամիս առաջ։
«Դրա մասին մամուլում արդեն հրապարակումներ եղել են, սկզբում նա ասաց, որ առողջապահական հարցերից հեռու մարդ է, և առողջապահության նախարարի որոշումն է, որ հանրապետությունում մոտ 95 հիմնարկների տնօրեններ պետք է փոխվեն։ Հետո ասեց՝ դե գիտեք ինչ, հին իշխանություններն իրենց մարդիկ ունեն, նորերն ուզում են՝ իրենցն ունենան։ Ես էլ պատասխանեցի, որ ես ոչ մեկի մարդը երբեք չեմ եղել, չեմ էլ պատրաստվում լինել։ Հետո նա ինձ առաջարկեց դիմում գրել, անցնել իմ նախորդ՝ վերակենդանացման բաժանմունքի վարիչի աշխատանքին, ասաց, եթե չահամձայնվեմ դիմում գրել, ապա ԲԿ-ում ստուգումներ կլինեն։ Ես էլ ասացի՝ խնդրեմ, ստուգեք»,-պատմեց Հախվերդյանը։
Հիշեցնենք, որ նա ԲԿ տնօրեն էր մեկ ու կես տարի, մինչ այդ 27 տարի եղել է վերակենդանացման բաժանմունքի վարիչը։
Նա դիմումը չի գրել։ Օգոստոսի 27-ից ԲԿ-ում երկու աուդիտ է իրականացվում՝ մարզպետարանի ներքին աուդիտն ու անկախ աուդիտոր, որն արվում է առոջապահության նախարարության որոշմամբ։
«Ասուդիտը դեռ չեն վերջացել։ Արտաշատը փոքր քաղաք է, ինձ լուրեր են հասնում, դրանցից մեկի համաձայն, ստուգող կազմը որոշակի նախատինք է ստացել, թե ինչու չեն հայտնաբերում խախտումներ։ Զարմանալի էր նաև, որ ինձ ազատելուն զուգահեռ մարզպետարանի աուդիտի վարչության պետին փոխեցին, հավանաբար դժգոհ էին, որ աղմկահարույց բացահայտումներ չի անում»,-կարծիք հայտնեց նախկին տնօրենը։
Հախվերդյանը դժվարանում է հստակ ասել՝ իրեն ազատելը քաղաքակա՞ն, ներանձնա՞յին, թե՞ նեղ խմբակային որոշում է եղել։
«Խնդիրն այն է, որ որոշում եղավ առանց որևէ պատճառի։ Մարզպետի կարգադրության մեջ չարաշահումների, խախտումների վերաբերյալ ոչինչ չկա։ Ես տարի ու կես տնօրեն եմ, ամեն ինչ արել եմ բուժհիմնարկի շահերից ելնելով»,-ասաց Հախվերդյանը։
Առայժմ հայտնի չէ նիստի օրը, որի ընթացքում կքննվի Հախվերդյանի հայցը։
Հարակից հրապարակումներ`
- Արարատի մարզպետ. «Մասիս» ԲԿ-ի աշխատակիցներին կոչ եմ անում չտրվել սադրանքներին
- «Հրապարակ». «Չենք ընդունում անհիմն ազատումը». «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ աշխատակիցներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին