Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանը կդարձնի ֆրանկոֆոնիայի ինստիտուցիոնալ մայրաքաղաքը. Միկաել Ժան
Հայաստանում այսօր մեկնարկել է Ֆրանկոֆոն հասարակական միջազգային կազմակերպությունների համաժողովը (OING), որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, դեսպաններ։
ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանն բացման խոսքում ասաց, որ մեծագույն անհամբերությամբ սպասում են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացմանը, որը Երևանը կդարձնի ֆրանկոֆոն քաղաքացիական հասարակության, ֆրանկոֆոնիայի ինստիտուցիոնալ մայրաքաղաքը։
Միկաել Ժանը, անդրադառնալով Ֆրանկոֆոն հասարակական միջազգային կազմակերպությունների գործունեությանը, նշեց, որ իրենց համար մեծագույն պատիվ է, առանձնաշնորհյալ իրավիճակ, որ ներգրավված են ընդհանուր գործում։
«Դուք կարող եք արդարացիորեն ասել, որ կարող եք առաջ գնալ՝ որպես այս ծրագրի մարմնավորում։ Սա ժողովուրդների ֆրանկոֆոնիան է, որը պատրաստ է երկխոսության, որն անհրաժեշտ է մեր Ֆրանկոֆոն տարածքին։ »,-ասաց Միկաել Ժանը։
Միկաել Ժանի խոսքերով, Ֆրանկոֆոնիան տարբեր հասարակական կազմակերպությունների ու մյուս կողմից ինստիտուցիոնալ կառույցների միջև կապ է ստեղծում, որը նպաստում է առավել կոնկրետ գործելուն ու այդպես է լինելու նաև Հայաստանում։
Ֆրանկոֆոնիան քաղաքական մակարդակով պետք է հենվի հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ու լրագրողների հետ համագործակցության վրա, որպեսզի այն լինի արդյունավետ ու դառնա այն կապը, որ կնպաստի իրական գործունեությանը։ Այսպիսի ֆրանկոֆոնիան պետք է հարստանա, զարգանա՝ հիմքից մինչև վերև։
«Այս համաժողովը մեզ հնարավորություն է տալիս նոր ուղենիշներ ունենալ, մասնավորապես ժողովրդավարության, քաղաքացիական կառավարման ոլորտներում հասնել նոր նպատակների։ Սա մի նոր դարաշրջանի սկիզբ է նախանշում, որ մեր փոխանակումներն առավել ակտիվ լինեն»,-ասաց Միկաել Ժանը։
Համաժողովին քննարկվելու են մարդու իրավունքների, անվտանգության, լեզվական, կանանց և տղամարդկանց հավասարության, գործարար համայնքին, քաղաքացիական հասարակության դերին վերաբերող հարցեր։
Միկաել Ժանը նշեց, որ համաժողովին մասնակցում են 127 ասոցիացիաներ, 84 միջազգային ու 83 տեղական հասարակական կազմակերպություններ, որն ապահովում է աշխարհագրական լայն ներկայություն։