Կառավարությունն առաջարկում է 2019 թ-ի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել 25 500 դրամ
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է նախագիծ, որի համաձայն առաջարկում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ։
««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ կենսաթոշակային ապահովության ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության թիրախային նպատակադրումներից մեկը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ (պարենային) աղքատությունը հաղթահարելն է։
Ըստ նախագծի` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն հաշվարկված՝ նվազագույն կենսաթոշակի չափից ցածր կենսաթոշակները 2019 թվականի հունվարի 1-ից կվճարվեն նվազագույն կենսաթոշակի չափով։
Հիմնավորման մեջ նշված է, որ 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497 394, որից. աշխատանքային կենսաթոշակառուներ՝ 463 069 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ուժային մարմիններից կենսաթոշակ ստացող)՝ 32 420 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (Ծառայությունից կենսաթոշակ ստացող)՝ 1905 անձ։
Համաձայն 2017 թվականի դեկտեմբերին լույս տեսած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2017» հրապարակման պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2016 թվականին կազմել է 23313 դրամ:
Յուրաքանչյուր տարի կիրառելով 3 տոկոս գնաճ` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25500 դրամ։
«Հաշվի առնելով վերը նշվածները և կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նախ նվազեցնելու նպատակադրումը՝ առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ։
Այս գործիքը հնարավորություն կտա էլ ավելի հասցեական դարձնել վարվող քաղաքականությունը՝ թիրախավորելով ցածր կենսաթոշակները։
Ընդ որում, ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակներում կատարված հաշվարկներում, 2019 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը նախատեսվել է 25500 դրամ (ծայրահեղ աղքատության գծի չափով)։
Ըստ այդմ, սահմանվել է, որ oրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին