Նախագահը հյուրընկալել է բարոնուհի Քերոլայն Քոքսին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրա ղեկավարած HART բարեգործական կազմակերպության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զորի Բալայանը: Այս մասի հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Նախագահը ջերմորեն ողջունել է բարոնուհուն և նրա գործընկերներին՝ նշելով, որ ուրախ է ընդունել հայ ժողովրդի լավագույն բարեկամներին: Բարոնուհին ներկայացրել է օրերս Արցախ կատարած այցից տպավորությունները, պատմել այնտեղ ունեցած հանդիպումների մասին:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել բարոնուհու աջակցությունն արցախցիներին, ինչպես նաեւ միջազգային հանրության շրջանում Արցախի մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված նրա ջանքերը: