Գևորգ Նռանյան. «Հայաստանի առաջնությունը շարունակում է անկանխատեսելի մնալ»
«Գանձասար-Կապանի» փորձառու ֆուտբոլիստ Գևորգ Նռանյանը խոսել է թիմում տիրող մթնոլորտի մասին՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրի «Լոռիի» հետ կայանալիք խաղից առաջ: Այս մասին տեղեկացնում է կապանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Միջազգային հանդիպումների հետ կապված դադարը մեզ համար կարևոր էր նրանով, որ թիմը պատրաստվելու լրացուցիչ հնարավորություն ստացավ։ Ֆունկցիոնալ առումով կարողացանք բարելավել մեր մարզավիճակը։ Հասկացանք թե, որոնք են մեր սխալները ու ինչ գործոնների վրա պետք է աշխատենք, որպեսզի հաջողության հասնենք։
Նախորդ տարի մեկնարկը նույնպես անհաջող էր: Սկզբում չէինք կարողանում հաղթել, հետո էլ մինչև տարվավերջ ոչ մի պարտություն չկրեցինք։ Մեզ միշտ շատ քիչ բան է պակասում հաջողության հասնելու համար՝ վերջին փոխանցումը, վերջին հարվածը։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ բացն էլ լրացնենք։ Գիտեք, այնպես չէ, որ թիմը վատ ֆուտբոլ է ցուցադրում։ Ոչ, նման բան չկա, ուղղակի նորից կրկնեմ, որ միշտ ինչ-որ փոքր բան չի բավարարում։ Կարծում եմ, որ այս դադարը լավ էր այն առումով, որ հասկացանք, թե ինչն է պակասում մեզ։
Հայաստանի առաջնությունը շարունակում է անկանխատեսելի մնալ։ Այստեղ չկան առաջատարներ ու հետնապահներ։ Բոլորն էլ հավասար են։ Մենք ամեն խաղում դուրս ենք գալիս խաղադաշտ միայն մեկ նպատակի համար։ Այն է՝ հաղթել։ Այո, ես առաջին գծի ֆուտբոլիստ եմ, բայց դա կարևոր չէ։ Մարզիչը որտեղ էլ որոշի օգտագործել ինձ, ես պատրաստ եմ հնարավորություններիս առավելագույնով հանդես գալ։ Այնպես որ դիրքային փոփոխություններին մեծ նշանակություն չեմ տալիս։
Պարտություններից հետո միշտ վատ տրամադրություն է լինում, բայց մենք մեր մեջ ուժ գտել ենք ու վստահ ենք, որ անհաջողությունները չեն կարող ազդել մեր հոգեբանության վրա։ Մենք ամեն խաղին հնարավորինս լավ ենք պատրաստվում և հաղթելուց զատ այլ արդյունքի մասին անգամ չենք էլ մտածում։ Քրտնաջան աշխատանքը կա, հաջողությունն էլ կլինի»,- ասել է Նռանյանը։