Աշխարհի տարբեր երկրներից ժամանած մի քանի տասնյակ կինոգործիչներ կապրեն և կսնվեն հյուրընկալ Ուջանում
Սեպտեմբերի 15-20-ը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում և Երևանում կկայանա «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը: Փառատոնի կազմակերպիչները հայտնում են, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանած մի քանի տասնյակ կինոգործիչներ կապրեն և կսնվեն հյուրընկալ գյուղացիների տներում, իսկ Ուջանի դպրոցի դահլիճն ու հրապարակը կդառնան հետաքրքիր կինոցուցադրությունների ու բուռն կինոքննարկումների վայր: Բոլոր ֆիլմերը զուգահեռ կցուցադրվեն նաև Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում: Բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է:
«Ծիրանի ծառը» «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման կազմակերպության նախաձեռնությունն է: Նման կինոփառատոնի գաղափարը ծագել է երկրի մշակութային կյանքն ապակենտրոնացնելու ձգտումից, քանի որ գյուղում և փոքր քաղաքներում ապրող բնակչությունը զրկված է համաշխարհային և նույնիսկ հայրենական արվեստի արդի գործընթացներին մասնակից լինելու հնարավորությունից:
Փառատոնի ժյուրին, ինչպես միշտ, բաղկացած է 3 հոգուց, ովքեր գործում են ժողովրդավարական սկզբունքով՝ առանց նախագահի և ձայների հավասար իրավունքով:
Այս տարի «Ծիրանի ծառ» կինոփառատոնի ժյուրիի կազմում են՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնի խորհրդատու և «Համայնապատկեր» բաժնի երկարամյա համակարգող (1992-2017թթ.), գերմանացի կինոռեժիսոր Վիլանդ Շփեկ, 2017թ.-ի «Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ծրագրի Գլխավոր մրցանակի դափնեկիր «Հետզհետե» ֆիլմի համար, իրանցի կինոռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհր, պատմաբան-մարդաբան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից Հրանուշ Խառատյան։
Այս տարի փառատոնի 2՝ լիամետրաժ և կարճամետրաժ մրցութային ծրագրերում 17 ֆիլմ է ընդգրկված՝ աշխարհի 12 երկրից՝ Ֆրանսիայից՝ Չինաստան, Ռուսաստանից՝ Իրան և այլն: Ներկայացված են վավերագրական կինոյի բոլոր ժանրերը՝ ազգագրական ֆիլմից մինչև կենսագրական, խրոնիկալ-հրապարախոսականից մինչև անիմացիոն, պոետիկից մինչև էքսպերիմենտալ խաղարկային վավերագրություններ:
Փառատոնն ունի նաև արտամրցութային ծրագիր։ Փառատոնի շրջանակներում CineDOC-Tbilisi կինոփառատոնի և Caucasian House (Կովկասյան տուն) կազմակերպության հետ համագործակցությամբ կանցկացվի նաև «Ինչպես ցուցադրություններ կազմակերպել մարզերում» հատուկ աշխատարանը հայ և արտասահմանցի մշակութային մենեջերների համար, որը կունենա շուրջ 25 մասնակից, որոնցից 7-ը՝ Հայաստանից: Աշխատարանը վարելու են շվեդական DocLounge կազմակերպության ներկայացուցիչները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան