Ուկրաինացի ռեժիսոր Սենցովն առաջադրվել է Սախարովի անվան մրցանակի
Ռուսաստանում դատապարտված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին առաջադրել են Եվրոպական միության մարդու իրավունքների բարձրագույն՝ Անդրեյ Սախարովի անվան «Հանուն ազատ մտքի» մրցանակի։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ՝ Թվիթերում նման նախաձեռնությամբ հանդես է եկել Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ)։
«Օլեգ Սենցովը Սախարովի անվան 2018 թվականի մրցանակի մեր թեկնածուն է»,- նշել են կուսակցության անդամները։ Նրանց գրառումն ուղեկցել են հեշթագերով՝ #FreeSentsov և #LetMyPeopleGo։
Սախարովի մրցանակը Եվրոպական խորհրդարանի կողմից տրվում է ամեն տարի։ Այն հաստատվել է 1988թ․-ին, որը պարգևատրում է անձանց և կազմակերպություններին՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համար:
Օգոստոսի վերջին Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան առաջադրել է Սենցովին Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Նա նշել է, որ ուկրաինացի ռեժիսորին բնորոշ է «հավատը ժողովրդավարությանը, պայքարի խաղաղ միջոցները և այլոց շահերին ուղղված գործողությունները»:
Ուկրաինացի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող 42-ամյա Օլեգ Սենցովը ձերբակալվել է 2014 թվականի Ղրիմում, 2015 թվականին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման Ղրիմում ահաբեկչության կասկածանքով։ 2018 թվականի մայիսի 14-ին Օլեգ Սենցովը սկսել է հացադուլ` պահանջելով ազատել ռուսական բանտերում գտնվող բոլոր ուկրաինացիներին։ Նրա փաստաբանը նշել է, որ Սենցովը նիհարել է 13 կիլոգրամով։ Սենցովի ներման խնդրագիրը, որն ուղարկվել է նրա մոր կողմից, չի ընդունվել ու չի քննարկվել, քանի որ ռուսական օրենքներով այդ փաստաթուղթը պետք է հենց ազատազրկված անձն ուղարկի։
Հարակից հրապարակումներ`
- Սախարովի մրցանակին է արժանացել Վենեսուելայի ընդդիմադիրների խումբը
- Սախարովի մրցանակին են արժանացել ԻՊ գերությունից փախած Նադիա Մուրադը և Լամիյե Աջի Բաշարը
- Սախարովի մրցանակը ստացել է անազատության մեջ գտնվող արաբ բլոգերը