Հերթական հակահայկական ձևակերպման դուրս բերումը ԵԽԽՎ բանաձևի նախագծից կամ Ալիևի հիստերիայի ևս մեկ պատճառ
Թերևս, եթե չլիներ Ադրբեջանի նախագահի երեկվա ռազմահայրենասիրական ու պաթոսախեղդ հիստերիան, չէի անդրադառնա այս հարցին, քանի որ չեմ սիրում վաղօրոք փակագծեր բացել։ ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանին կտրամադրեմ առավել մանրամասն տեղեկատվություն, իսկ առայժմ փաստենք, որ հիստերիայի պատճառներից մեկն էլ այն էր, որ երկու օր առաջ հերթական անգամ Ադրբեջանի համար այնքան բաղձալի ձևակերպումը առ այն, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է», տեղ չգտավ հերթական զեկույցի նախագծում»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։
Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում սա վեցերորդ անգամն է, երբ բանաձևերում տեղ չեն գտնում կամ դուրս են բերվում ադրբեջանական լոբինգի հետևանքով այս կամ այն զեկույցում տեղ գտած անցանկալի ձևակերպումները։
«Նույն աշխատանքը կշարունակվի այսուհետ ևս: Ալիևը կարիք ունի հասկանալու, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանին գովերգելը, իսկ հետո փնովելը իրեն չեն հանձնի Արցախը, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական հակասությունների վրա հույս դնելով, նա կարող է երբևէ հասնել մեր պաշտպանության թուլացմանը։ Երբ հարցը վերաբերում է մեր գոյությանն ու ինքնությանը չկա ոչ մի հակասություն երկրի ներսում և փոխզիջում Ադրբեջանի համար։ Հիշե՛ք չեք հաջողելու: Ձեր խնդիրներով զբաղվեք։ Դրանցից շատ ունեք»,-գրել է Արփինե Հովհաննիսյանը։