Նայեք Արտակ Զեյնալյանին, միթե՞ այդ կարգի մարդը գալիս է պարտվելու կամ իր ձայնը որևէ մեկին տալու. Արամ Սարգսյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Արաբկիր վարչական շրջանում պարզաբանեց, թե ինչու իրենք «Ելք» դաշինքով չեն մասնակցում ընտրություններին, ինչի մասին հաճախ են իրենց հարցնում երևանցիները:
«Երկում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել: Այն ժամանակ, երբ «Ելք» դաշինքն էինք ձևավորում, անդամ կուսակցություններն ունեին 2000-5000 անդամ: Այս ընթացքում մեր դաշինքի անդամ կուսակցություններից մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կարողացավ իրականացնել թավշյա հեղափոխություն։ Բնականաբար, այդ հեղափոխությունն իրականացնելուց հետո մեր քաղաքական հատվածի մի մասը մտավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն: Մեր գործընկեր կուսակցությունը, տեսնելով, որ ինքը մի քանի անգամ ավելի մեծ կուսակցություն է, քան «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը», ունի համապատասխան ռեսուրս, քաղաքական ներուժ ու կադրեր, որոշում կայացրեց, որ ինքը պետք է փորձարկի իր ուժը, գնա միայնակ՝ քաղաքապետի իր թեկնածուով: Ես ու Էդմոն Մարուքյանը գնահատեցինք մեր պոտենցիալը, որոշեցինք, որ մենք միասնական պետք է հանդես գանք, չպետք է տուն գնանք, մենք էլ ունենք մեր թեկնածուն, որը պակաս թեկնածու չէ»,- նշեց Արամ Սարգսյանը:
Նա նաև հերքեց շրջանառվող այն լուրերը, թե «Իմ քայլը» դաշինքն ու «Լույս» դաշինքն ունեն պայմանավորվածություն, որ միասին պաշտպանելու են Հայկ Մարությանի թեկնածությունը. «Անկեղծ խոստովանում եմ, որ որևէ պայմանավորվածություն չկա, այդպիսի բան չկա: Մենք մտել ենք քարոզարշավի մեջ հաղթելու համար: Նայեք Արտակ Զեյնալյանին, միթե՞ այդ կարգի մարդը գալիս է պարտվելու կամ իր ձայնը որևէ մեկին տալու»:
Արամ Սարգսյանը նշեց, որ ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին բարձր են գնահատում:
Նրա խոսքով՝ սա քաղաքապետի ընտրություն է, այլ ոչ թե Վաթեռլոյի ճակատամարտը. «Սա Բորոդինոն չէ, Սարդարապատը չէ, Երևան քաղաքի ավագանու ընտրություններն են ու այն տարբերվում է մնացած բոլոր ընտրություններից նրանով, որ բոլոր թեկնածուները մերն են, մեր հետ ճանապարհ անցած: Այստեղ չկա թեկնածու, ում հաղթանակից չեմ ուրախանա: Արարատ Զուրաբյանին նայեք, ինչ է՝ ինքը մեր չէ՞, ինքը սև է՞, սպիտակ է, ինչ սև ու սպիտակ, էդ տղեն ո՞ր թվից է պայքարում։ Զարուհի Փոստանջյանն իր կոլորիտով, առավելություններով ու թերություններով քաղաքական ներկապնակի լավ դեմքերից է, Նաիրա Զոհրաբյանին, Անահիտ Թարխանյանին նայեք: Սա այն դեպքն է, որ բոլորը Հայաստանի մասին են մտածում, ու սև ու սպիտակի խնդիր դնելն անիմաստ է»:
Պատգամավորը միաժամանակ ասաց, որ երեկ, երբ Հյուսիսային պողոտայում վանկարկում էին «Երևան, «Լույս», «Զեյնալյան», այդ ժամանակ հասկացավ, որ իրենք հաղթող թիմ են:
Հարակից հրապարակումներ`
- Մենք հիմա այնպիսի մի իրավիճակում ենք, որ սխալներ թույլ տալու իրավունք չունենք. Մարուքյան
- Քաղաքապետ ընտրվելու դեպքում Զարուհի Փոստանջյանը խոստացել է Հրազդանի կիրճի աղբակույտերը վերացնել
- Հիմնական խնդիրներն ամեն տեղ, ամեն բակում կրկնվում են. Հայկ Մարության
- Զոհրաբյան. Իսկական գետտո քաղաքի ամենասրտում
- Մեզ պետք չեն սև ու սպիտակ, կանաչ կամ երկնագույն, մեզ պետք է գույների ամբողջական տարապատկերը. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մենք չենք մոռանում, որ Երևանի ավագանու ընտրությունով պետք է ծառայենք երևանցուն. Մանուել Գասպարյան
- Զեյնալյանը քարոզարշավի ընթացքում անսպասելի նստեց թիվ 5 երթուղայինն ու գնաց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին