Կոստանյանը պարզաբանում է. «Կանոնակարգի խախտում չկա»
«ԱԺ կանոնակարգ օրենքով քննիչ հանձնաժողով չի կարող կազմվել այն դեպքում, երբ նույն հարցի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ»,- այս մասին նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ դիմելով հիմնական զեկուցող ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանին։
Մարուքյանի խոսքով՝ գաղտնալսման փաստի առթիվ երկու քրեական գործ է հարուցվել տարբեր հոդվածներով և Քննչական կոմիտեի վարույթում քննվում են այդ գործերը, հետևաբար այս հարցի վերաբերյալ Քննիչ հանձնաժողով չի կարող կազմավորվել. «Քրեական գործերը հարուցվել են և գաղտնալսման, և պաշտոնյայի լիազորությունների սահմանազանցման փաստերի առթիվ, հետևաբար Ազգային ժողովը չի կարող այդ հարցը քննարկման առարկա դարձնել»։
Կոստանյանը պատասխանեց, որ այդ հանգամանքը չի վրիպել իրենց աչքից և այդ պատճառով էլ իրենք առաջարկում են խնդիրը դիտել գլոբալ. «Այո, կոնկրետ փաստերի հետ կապված հարուցվել է քրեական գործ։ Բայց մեր քննարկման թեման կոնկրետ փաստերի շուրջ չի լինելու, այլ՝ գլոբալ։ Սա մեզ բերում է այն եզրահանգման, որ եթե ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնիության սկզբունքը խախտվել է, ապա դա առնվազն հիմնավոր կասկածի տեղիք է տալիս ցանկացած քաղաքացու համար՝ արդյոք իր խոսակցությունը պատշաճ պաշտպանված է»։
Էդմոն Մարուքյանն արձագանքեց, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշման մեջ նշվում է հենց ուժային կառույցների ղեկավարներին գաղտնալսելու փաստը, հետևաբար կոնկրետ դեպքի վերաբերյալ են պատգամավորները ստորագրահավաքին մասնակցել և կոնկրետ դեպքի համար էլ կազմվում է Քննիչ հանձնաժողով, ինչը ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով արգելված է։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ կանոնակարգ օրենքի խախտում է լինում, քանի որ կանոնակարգ օրենքն ասում է, որ քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող դառնալ նախնական քննության կամ դատավարության որևէ այլ փուլում գտնվող հարցերը։
Ի պատասխան ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ասաց. «Պարզ ասացի, այն հանգամանքները, որոնցով քրեական գործ է հարուցված, այդ հանգամանքները հանձնաժողովի քննարկման առարկա չեն կարող հանդիսանալ, դա բոլորս էլ գիտենք։ Դրա համար էլ այդ հանգամանքները հիմք են հանդիսացել, որ մենք քննարկման առարկա ենք դարձրել, արդյոք մեր երկրում նամակագրության, հեռախոսազրույցների գաղտնիության և արդար դատաքննության իրավունքների պատշաճ մեխանիզմներ առկա են, թե ոչ»։
Հարակից հրապարակումներ`
- Յուրաքանչյուրի հեռախոսային խոսակցությունների ու հաղորդումների գաղտնիության սկզբունքը վտանգված է. Կոստանյան
- ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ
- Վարույթ է ընդունվել առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրգործը
- Ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել. դատավոր Վաչե Մարգարյան
- ՔԿ. Քննություն է տարվում` պարզելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը ձայնագրելու և տարածելու դեպքի հանգամանքները
- ԱԱԾ մամուլի խոսնակը չի մեկնաբանում հրապարակված սկանդալային հեռախոսազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան