Հայ շախմատիստների մրցելույթները՝ Մ20 աշխարհի առաջնությունում
Թուրքիայի Գեբզե քաղաքում շարունակվում է շախմատի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը, որի շրջանակներում կայացել են 8-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ են տոնել Մանուել Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը: Արամ Հակոբյանը պարտիան ավարտել է հաշտությամբ, իսկ Շանթ Սարգսյանը երրորդ անընդմեջ պարտությունն է կրել:
Մանուել Պետրոսյանը վաստակել է 6 միավոր և մոտեցել առաջատարին: Նույնքան միավոր ունի Արամ Հակոբյանը: Նրանք 1,5 միավորով են հետ մնում աղյուսակը գլխավորող Իրանի ներկայացուցիչ Պարհամ Մաղսուդլուից: Հայկ Մարտիրոսյանն ունի 5 միավոր, իսկ Շանթ Սարգսյանը՝ 3,5:
Աղջիկների պայքարում Սիրանուշ Ղուկասյանը միավորը կիսել է թուրք Էկե Օզբայի հետ: Հայ շախմատիստուհին վաստակել է 4,5 միավոր: 6,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են վրացի Նինո Խոմերիկին և Ռուսաստանի ներկայացուցիչներ Դինարա Դորջիևան ու Ալեքսանդրա Մալցևսկայան: