Նաիրա Զոհրաբյան. Վաղը կհանդարտվեն այս էմոցիաները ու դարձյալ Երևանը կմնա բազմաթիվ չլուծված խնդիրների հետ
Քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ցավով արձանագրում է, որ Երևանի ավագանու քարոզարշավի հենց առաջին օրից հերթական անգամ գերիշխել են էմոցիաները, և մարդկանց միտքն ու ուշադրությունը փորձ է արվում տանել այլ ուղղությամբ։
«Սա, իրապես, ցավով եմ նշում, որովհետև սրանից տուժելու է Երևանը և երևանցին։ Մենք դարձյալ մեր քաղաքի իրական և բարդ խնդիրները երկրորդ պլան ենք մղում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող գործիչը։
Նա ընդգծել է, բոլոր էմոցիաները ունեն հանդարտվելու հատկանիշ, բայց իրական պրոբլեմները ինքնալուծման հատկանիշ չունեն։
«Դրանք իրենք իրենց չեն լուծվում. վաղը, մյուս օր կհանդարտվեն նաև այս էմոցիաները ու դարձյալ Երևանը և երևանցին կմնան իրենց բազմաթիվ չլուծված խնդիրներին դեմ հանդիման։
Ես համաձայնվել եմ դառնալ քաղաքապետի թեկնածու՝ իմ մեջ ունենալով վճռականություն և որոշում՝ հստակ ժամանակացույցով, մեր թիմի հետ միասին, լուծել Երևանի հիմնական խնդիրները։
Ես համաձայնվել եմ դառնալ քաղաքապետի թեկնածու՝ Երևանում երևանյան մթնոլորտ ձևավորելու համար՝ խաղաղ, համերաշխ և փոխադարձ հարգանքի մթնոլորտ ձևավորելու համար։
Ուզում եմ անկեղծ ասել՝ քարոզարշավի հենց սկզբից ինձ համար հստակ ուրվագծվել է իմ ընտրազանգվածը.
Ինձ և ԲՀԿ-ին ձայն են տալու այն մարդիկ, ովքեր ուզում են, որ Երևանի կոնկրետ խնդիրները ստանան կոնկրետ լուծումներ։
Ինձ և ԲՀԿ-ին ձայն են տալու նրանք, ովքեր Երևանը չեն բաժանելու սևերի և սպիտակների, և Երևանը ընկալում են, որպես մեկ միասնական, համայն հայության մայրաքաղաք»,-նշել է Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք մասնակցում ենք հեղափոխության երկրորդ էտապի՞ն, թե՞ Երևանի ավագանու ընտրություններին. Զոհրաբյան
- Երևանի քաղաքապետի ընտրությունները հեղափոխության և հակահեղափոխության ընտրություններ են. Նիկոլ Փաշինյան