Ավանի բենզալցակայանում ՀԴՄ կտրոն չեն տալիս, քաղաքացու պահանջը ՊԵԿ-ից
Որոշ սուպերմարկետներ, առևտրային մի շարք կենտրոններ, բենզալցակայաններ ու գազալցակայաններ շարունակում են ՀԴՄ կտրոններ չտրամադրել:
Panorama.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին պատմեց, որ Ավան թաղամասում գործող բենզալցակայաններից մեկը երբեք ՀԴՄ կտրոն չի տալիս: Ինքն էլ պարբերաբար տեղեկացնում է ՊԵԿ թեժ-գծին, սակայն իր ահազանգերը տևական ժամանակ այդպես էլ անպատասխան են մնում:
«Ավան թաղամասում, «Երևան Սիթի»-ի մոտ գտնվող բենզալցակայանը Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո էլ շարունակում է աշխատել նույն ոճով՝ հարկային օրենսդրության խախտումներով։ Հաճախ եմ այդ բենզալցակայանից օգտվում, բայց երբեք ՀԴՄ կտրոն չեն տալիս, միայն՝ պահանջելուց հետո: Երբ հարցնում եմ՝ ինչո՞ւ չեք տալիս, ասում են՝ իրենք աշխատող են, իրենց ինչ ասել են՝ այն էլ անում են»,- ասաց խմբագրություն զանգահարած քաղաքացին:
Նրա խոսքով՝ իր բազմաթիվ ահազանգերին ՊԵԿ-ից թեև վստահեցրել են՝ կստուգեն, բայց փաստորեն չեն ստուգում, քանի որ ամիսներ շարունակ նույն վիճակն է:
«Հիմա ուզում եմ հարցնել՝ ՊԵԿ-ը չի ուզում ստուգել, թե չի կարող ստուգել ու շարունակում է նախկին իշխանությունների գործելաո՞ճը, արտոնյալները շարունակում են մնալ արտոնյա՞լ: Ես պահանջում եմ, որ ստուգումներ անցկացնեն և ոչ միայն այդ բենզալցակայանում»,- նշեց նա՝ հավելելով, որ ինքն այնքան ժամանակ է ահազանգելու մինչև խնդրին լուծում տրվի:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Անանյանը հերքում է, որ ՊԵԿ աշխատակիցները դիմակավորված ներխուժել են Ծառուկյանին պատկանող օբյեկտներ
- Խախտումներ՝ Մհեր Սեդրակյանին, Գագիկ Ծառուկյանին, Վարդան Հարությունյանին պատկանող գազալցակայաններում