Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է
«Մենք, իհարկե, հետևում ենք ղարաբաղյան հակամարտության թեմայով համապատասխան երկրներում արված հայտարարություններին»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցում արձագանքելով ԼՂ խնդրի կարգավորման վրա Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի՝ Հայաստանում, Ռուսաստանում ու Ադրբեջանում ունեցած հանդիպումների հնարավոր ազդեցության մասին հարցին։
«Ուզում եմ հիշեցնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Մենք ելնում ենք այն սկզբունքից, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է լուծվի հակամարտող կողմերի միջև քաղաքական-դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
Նա նշել է, որ Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր շարունակում է միջնորդական աջակցություն տրամադրել կողմերին՝ փոխզիջումների հասնելու համար։
«Առաջընթացի համար համապատասխան մթնոլորտ, անկասկած, պետք է ստեղծեն կողմերը»,-ասել է նա։