Միրզոյան քառյակը ելույթ է ունենալու «Նիկո» պատկերասրահում և Կալուգայի փառատոնում
Միրզոյան քառյակը սեպտեմբերի 25-ին ելույթ է ունենալու Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում (ճանաչված քանդակագործ, գեղանկարիչ և մանկավարժ Նիկողայոս (Նիկոլայ) Նիկողոսյանի ցուցասրահ)։ Panorama.am-ը քառյակի ջութակահարուհի Սոնա Ազարյանից տեղեկացավ, որ համերգ կազմակերպելու նախնական պայմանավորվածություն դեռ անցած տարի էր ձեռք բերվել։
«Նիկողայոս Նիկողոսյանի մահվանից հետո նրա պատկերասրահում առաջին համերգն է լինելու»,- նշեց Ս. Ազարյանը։
Ջութակահարուհին տեղեկացրեց, որ համերգին քառյակը կատարելու է լոնդոնաբնակ երիտասարդ հայ կոմպոզիտոր Տիգրան Գրիգորյանի «Ave Verum» ստեղծագործությունը։
Սեպտեմբերի 26-ին Միրզոյան քառյակը ելույթ է ունենալու Կալուգայի արվեստի 13-րդ միջազգային փառատոնում, որի կազմակերպիչը ՌԴ մշակույթի նախարարությունն է։ Ս. Ազարյանի խոսքով, փառատոնին մասնակցելու հրավեր վեց ամիս առաջ են ստացել։
Միրզոյան քառյակը հիմնադրվել է 2013 թվականին։ Քառյակի երաժիշտներն են ջութակահարներ Արամ Ասատրյան, Սոնա Ազարյանը, ալտահար Արմեն Թորոսյանը, թավջութակահար Վահան Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյան քառյակը և Դավիթ Գյուլամիրյանը՝ Կոմիտասի թանգարանում
- Սոնա Ազարյան. Հայկական բեմում ես ավելի եմ հուզվում
- Ստեղծվել է Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակ