Քոչարյանի փաստաբանը չի բացառում, որ գաղտնալսումն արվել է ԱԱԾ-ում
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային զրույցը գաղտնալսելու և հրապարակելու համար ուղղակի և անուղղակի մեղադրանքներ հնչեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին։ Լրագրողներն այսօր ՀՀ երկրորդ նախագահի փաստաբաններից հետաքրքրվեցին՝ ինչքանով են հիմնավոր այդ մեղադրանքները։
«Ավելին, ասացին, որ Քոչարյանի փաստաբաններն են գաղտնալսել, տարածել։ Շատ կարճ ասեմ՝ իրականությանը չեն համապատասխանում, որևէ հավելյալ մեկնաբանություն չտամ, քանի որ անհեթեթությունները ենթակա չեն մեկնաբանման»,-ասաց փաստաբաններից Արամ Օրբելյանը։
Պաշտպանական խմբի անդամներից Հայկ Ալումյանն էլ հավելեց. «Պարոն Քոչարյանն այդ գաղտնալսման հետ այնքան կապ ունի, ինչքան այստեղ նստած յուրաքանչյուր մեկը, իհարկե այն բացառությամբ, որ գաղտնալսված խոսակցության բովանդակությունն է անմիջականորեն իրեն վերաբերում»։
Փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանն էլ նկատեց, գաղտնալսված խոսակցության հրապարակումից հետո փորձ է արվում քողարկել այն ինֆորմացիոն, որը Ռոբերտ Քոչարյանի առումով կարող է դրական ազդել, փոխարենը շեշտադրում են այն ինֆորմացիան, որը կարող է բացասաբար ազդել։
«Օրինակ, նույն գաղտնալսման վերաբերյալ հայտարարվեց, որ նման հնարավորություններ ունի միայն Ազգային անվտանգության ծառայությունը, բայց ենթադրաբար դա ԱԱԾ-ն չի կարող անել, ուրեմն դրսի ծառայություններն են կամ որևէ հարուստ մարդու ձեռք բերված տեխնիկայի միջոցով»,-ասաց փաստաբանն ու հավելեց, որ ԱԱԾ աշխատակիցների ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանքով ոչ վաղ անցյալում հրապարակվեց մեկուսարանում գտնվող Մանվել Գրիգորյանի լուսանկարը։
«Ուստի բացառել, որ դա հենց Ազգային անվտանգության ծառայությունից է դուրս եկել, չենք կարող»,-կարծիք հայտնեց Խուդոյանը։
Փաստաբան Օրբելյանն ընդգծեց, իրենց հասցեին պարբերաբար մեղադրանքներ են հնչում, տպավորություն է ստեղծվում, որ անընդհատ արդարանալ է պետք։
«Խնդրում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին ու Հայաստանում գտնվող բոլոր անձանց ելնել անմեղության կանխավարկածից։ Երբ որևէ հանցագործություն կատարելու վերաբերյալ մեղադրանք է հնչում, դրա մասին խոսում են իրավապահ մարմինները, կառավարության ներկայացուցիչները, ողջ գործիքակազմն առկա է։ Կլինի քրեական գործ, կլինեն քրեական գործով հաստատված հանգամանքներ, դրանից հետո ինչքան ցանկանան, թող արտահայտեն այդ կարծիքը։ Մինչ այդ խնդրում եմ բոլոր քաղաքացիներին, պահանջում եմ կառավարության բոլոր անդամներից՝ պահպանել անձի անմեղության կանխավարկածը, դա վերաբերում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլև մեզ, ինչպես նաև ձեզ»,-ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Օրբելյան. «Կոնգրես» հյուրանոցի գործարքում կաշառքի որևէ էպիզոդ մենք չենք տեսնում
- Ալումյան. Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը չի կարող քննվել ՀՔԾ-ում
- Հայտարարություն. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է ոչ օրինական քրեական հետապնդում
- ԱԱԾ պետ. Մանրակրկիտ քննությունը կպարզի, թե ով է կատարել գաղտնալսումը
- ԱԱԾ մամուլի խոսնակը չի մեկնաբանում հրապարակված սկանդալային հեռախոսազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան