«Կինը գալիս է առաջատար դիրքեր»
«Հեղափոխությունից հետո մարդկանց մոտ հետաքրքիր գիտակցություն է ձևավորվել. եթե նախկինում քաղաքականությամբ զբաղվելը կեղտոտ բան էր համարվում, հիմա կեղտոտ բան չէ, կարելի է հանգիստ զբաղվել»,- «Կանայք Երևանի ավագանու ընտրություններում. քաղաքի խնդիրներն ու լուծումները կանանց աչքերով» թեմայով քննարկմանն ասաց «Լույս» դաշինքի ավագանու թեկնածու Անի Սամսոնյանը։
Նրա խոսքով, հեղափոխությունից առաջ խաղի կանոնները կոշտ էին, կանայք չէին ցանկանում մասնակցել ընտրություններին, հեղափոխությունից հետո պատկերը փոխվել է։
«Չնայած քվոտան նույնն է՝ 75-25 տղամարդ-կին հարաբերակցություն, սակայն կանանց մոտիվացիան փոխվել է»,- ասաց ավագանու թեկնածուն՝ նշելով, որ շատ լավ է, որ ավագանու առաջիկա ընտրություններին կանանց ներգրավածությունն ավելի շատ է։
Միաժամանակ գործող ավագանու անդամը փաստեց, որ իրենց մեկ տարվա գործունեության ընթացքում հասկացել են, որ համայնքային որևէ խնդիր գենդերային բնույթ չունի։
«Ժառանգություն» կուսակցության ավագանու թեկնածու Սեդա Աղբալյանն ասաց, որ
Երևանն առաջին հերթին ունի հոգատարության, խնամքի կարիք, դրա համար էլ, հավանաբար, կանայք որոշել են ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ավագանու ընտրություններում։
«Ամբողջ աշխարհում կանայք քաղաքականության մեջ ավելի հանդուրժողական են, ավելի նրբանկատ են, սուր անկյուններն ավելի լավ են հարթում»,- նշեց նա։
«Իմ քայլը» դաշինքից ավագանու թեկնածու Արուսյակ Ջուլհակյանը, ասաց, որ վերջին տարիներին կանայք նկատելիորեն ակտիվացել են, ակտիվ են ներգրավված քաղաքացիական, քաղաքական գործընթացներում։
«Գուցե բավարար չէ, գործող մտածելակերպը թույլ չի տալիս, որ հասնեն ամենաբարձր օղակներ, բացի այդ կանայք ավելի լուրջ են գնահատում այն պատասխանատվությունը, որ վերցնելու են իրենց վրա»,- նշեց նա։
Միաժամանակ ավագանու թեկնածուն ասաց, որ կանայք ավելի շատ են զբաղվում կենցաղով, ըստ այդմ նրանք ավելի շատ են առնչվում կենցաղավարային խնդիրներին, դրանով պայմանավորված իրենք գուցե անձամբ բախվելով ինչ-ինչ խնդիրների՝ ավելի շատ դրանք նկատեն, քան տղամարդիկ։
«Երևանի հանրություն» դաշինքի ներկայացուցիչ Անի Երեմյանն ասաց, որ հենց կանայք են, որ կարող են բազմակողմանի մտածել։
«Անկախ նրանից, թե ով կընտրվի, հույս ունեմ քաղաքը բազմակողմանի կզարգանա, կհասունանա, իհարկե, նաև կանանց շնորհիվ։ Կանայք այն մարդիկ են, ովքեր իրենց մեջ ունեն խնամքի, հոգատարության, քնքշանքի զգացողությունը,- հավելեց նա։
Ա. Երանյանի խոսքով, առկա խնդիրները տեսնում են թե կանայք, թե տղամարդիկ, ուղղակի պետք է մարդ սրտացավ լինի իր քաղաքի համար։
«Ռեֆորմիստների» կուսակցութան ավագանու թեկնածու Գայանե Ղուլյանի խոսքով, 20-րդ դարի կեսից կինը վստահ քայլերով ներխուժում է քաղաքականություն։
«Արդեն ակտուալ չէ այն արտահայտությունը, որ քաղաքականությունը կնոջ տեղը չէ։ Կինը կարող է փրկել աշխարհը աղետներից, պատերազմներից»,- նշեց ավագանու թեկնածուն։
«Ժողովրդավարական ուղի» կուսակցութան ներկայացուցիչ Ելենա Դանիլյանի խոսքով, կինը բացի նրանից, որ պետք է լինի տանը, ուշադրություն հատկացնի ընտանքի անդամներին, պետք է ուշադրություն հատկացնի նաև իր ազգին, մշակույթին, ցանակցած հասարակական աշխատանքի։
ՀՅԴ կուսակցության ավագանու թեկնածու Ալեսյա Բեջանյանն վստահություն հայտնեց, որ որոշ ժամանակ հետո կանայք էլ ավելի մեծ թիվ են կազմելու քաղաքականությունում։
«Կանայք ավելի ակտիվացել են։ Կինը գալիս է առաջատար դիրքեր, քանի որ նախ ընտանիքում, հասարակությունում դրան ավելի թեթև են նայում, բայց ամենակարևորը՝ կինն է գիտակացում, որ կարող է»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։
Նա կարևորեց և տղամարդկանց, և կանանց ներգրավածությունը քաղաքի ղեկավարման գործում, բայց իրականում կան խնդիրներ, որոնք կանայք իրենց մաշկի վրա ավելի շատ են զգում։
Հարակից հրապարակումներ`
- Գործազրկության մակարդակը բարձր է հատկապես երիտասարդ կանանց շրջանում
- Պետք է ավելի շատ կանայք լինեն ակտիվ քաղաքականության մեջ. Դավիթ Հարությունյան