Բաբլոյանը հույս է հայտնել, որ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններում կհաջողվի վերականգնել նախկին ցուցանիշները
«Հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը, որի նախագահությունը երկու տարով ստանձնելու է Հայաստանը. անշուշտ այս ամենը փաստում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի արժեքների ամրապնդման մասին»։ Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։ Նա այսօր Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունում ներկա է գտնվել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի այցի և Հայաստանում ֆրանկոֆոն միջազգային հասարակական կազմակերպությունների 11-րդ համաժողովի անցկացման կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
ԱԺ նախագահն իր ելույթում անդրադարձել է երկու երկրների միջխորհրդարանական, միջպետական ջերմ հարաբերություններին` գոհունակությամբ ընդգծելով, որ դրանք գտնվում են ամուր հիմքերի վրա:
ԱԺ լրատվության ու հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Արա Բաբլոյանի խոսքով` դրա վառ վկայությունն այն է, որ վերջին մեկ տարում երկու անգամ Հայաստան են ժամանել Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբերը, Ֆրանսիայի Հանրապետություն է այցելել ՀՀ նախագահը, այժմ Ֆրանսիայում է Հայաստանի վարչապետը, իսկ արդեն այս տարվա հոկտեմբերին Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի նախագահը:
Օրենսդիր մարմնի ղեկավարը հայ-ֆրանսիական միջխորհրդարանական կապերից բացի խոսել է նաև հայ-ֆրանսիական տնտեսական և առևտրային հարաբերությունների մասին: Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններում կհաջողվի վերականգնել նախկին բարձր ցուցանիշներն ու ապահովել դրանց հետագա աճը:
Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններն ու բիզնես կապերը միշտ պետք է կողմերի ուշադրության կենտրոնում լինեն, իսկ խորհրդարանականներն էլ իրենց ներդրումը պետք է ունենան այդ կապերի զարգացման գործում:
Ավարտելով ելույթը` Ազգային ժողովի նախագահը ողջունել է Ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների 11-րդ համաժողովի Հայաստանում անցկացումը և վստահություն հայտնել, որ այդ իրադարձությամբ էլ ավելի կամրապնդվեն ֆրանկոֆոն երկրների հետ Հայաստանի կապերը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը Ջորկաեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
- Փաշինյանը համոզված է՝ Ֆրանսիա կատարելիք իր այցը կնպաստի երկկողմ կապերի հետագա խորացմանը
- Փաշինյանը Ֆրանկոֆոն ՀԿ-ների համաժողովին. ՀՀ իրադարձությունները ցույց տվեցին քաղաքացիական հասարակության կարևորությունը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում