Համաներման վերաբերյալ նախապես չի կարելի խոսել. Արդարադատության նախարար
«Համաներման ակտը դրա մշակման փուլում, մինչև ընդունումը պետք է մնա գաղտնի։ Դա բխում է հասարակության շահից։ Դրա վերաբերյալ նախապես չի կարելի խոսել»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, թե այս տարի կլինի համաներում։
Միաժամանակ նա հիշեցրեց, որ այս կառավարությունն առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կիրառելով Սահմանադրության փոփոխությունները, իրականացրել է վարչական ակտերի համաներում․ մոտավորապես 1,5 միլիոն վարույթ կարճվել է, մի քանի հարյուր հազար մարդու նկատմամբ վարչական տուգանքները ներվել են։
«Շատ ու շատ մարդիկ ներում են ստացել վարչական իրավախախտումներով, ինչն իրականացրել ենք մենք։ Մարդիկ հուսան, որ կլինի համաներում, թե չի լինի, թողնում եմ իրենց երևակայությանը և վերլուծությանը»,- ասաց Ա. Զեյնալյանը։