Կձևավորվի հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման արդյունավետ համակարգ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթներ և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին», «Պետական տուրքի մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Օրենքների նախագծերի փաթեթի նպատակը հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման ու վերահսկողության արդյունավետ համակարգ ձևավորելն է:
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է, որ հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների զարգացման համար անհրաժեշտ որոշ գործառույթներ (մասնագետների որակավորում և շարունակական զարգացում, աուդիտի որակի նկատմամբ հսկողություն, աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների ռեեստրի վարում) կիրականացվեն մասնագիտացված կառույցների միջոցով, փոփոխված չափանիշներով ճշգրտել տարեկան աուդիտի պարտադիր պահանջ ունեցող կազմակերպությունների շրջանակը, որոնց սահմանումը կհամապատասխանեցվի ԵՄ-ի դիրեկտիվներով ներկայացված չափանիշներին, վերանայել աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը` հաշվառման նոր համակարգի ներդրման միջոցով (Աուդիտորական կազմակերպությունների ռեեստր):
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ առաջարկվում է աուդիտորական կազմակերպությունների համար ներկայումս գործող պետական տուրքի վճարման պարտավորությունը հանել՝այն փոխանցելով հավատարմագրված մասնագիտական կառույցներին որպես անդամավճար: