Փաշինյանը Ջորկաեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին ՀՀ անկախության տոնի առթիվ պարգևատրել է Երախտագիտության մեդալով: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Յուրի Ջորկաեֆը նշել է, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ նման պարգևի և հավելել, որ այն կկրի պատվով ու հպարտությամբ: «Հպարտ եմ լինել Հայաստանի ներկայացուցիչներից մեկը»,- ասել է Ջորկաեֆը:
Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը ընթրիք է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ, մասնավորապես, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Փարիզի 9-րդ թաղամասի փոխքաղաքապետ Ալեքսի Գովճեանը, Ֆրանսիայի կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, գործարարներ` Դանիել Քյուրքչյանը, Սերժ Չուրուկը, Վարդան Սրմաքեշը, Արմեն Պետրոսյանը, Ալեն Միկլին, Ֆրանսիայի կինոգործիչների միության նախագահ Ալեն Թերզյանը, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը և այլք:
Իր խոսքում վարչապետը նշել է, որ այսօրվա միջոցառմանը ֆրանսահայության հռչակավոր զավակների ներկայացվածությունը խորհրդանշում է այն հնարավորություններ, որ այսօր բացվել են Հայաստանի Հանրապետության առջև:
«Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում, շատ պարզ մի բան. Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդը սկսեց հավատալ ինքն իրեն. առանցքային փոփոխությունը, որ տեղի է ունեցել` սա է: Կապ չունի, թե ով է իշխանություն և ով ընդդիմություն, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ժողովուրդն է, և դրա մեջ որևէ չափազանցություն չկա»,-ասել է նա։
Նա նշել է՝ տեսնելով ներկաներին` ուզում եմ հավատալ, որ մեր պետությունը կլինի ժամանակակից քաղաքականության ոչ թե ետնաբեմում, այլ լիդերության իր չափաբաժինը կստանձնի:
«Հայ ժողովուրդն ունի այդ ներուժը և որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովուրդ` ես ավելի եմ հավատում այդ գաղափարին, որ մենք ունենք շատ ավելի լուրջ և մեծ պոտենցիալ: Մենք մեր ուժերը պետք է մեկտեղենք, և դրա արդյունքում է, որ Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական փոփոխությունները, որովհետև թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև սփյուռքի գործուն մասնակցությամբ: Ի՞նչ նկատի ունեմ մասնակցություն ասելով. հստակ դիրքորոշում և տեսակետ արտահայտելն այս հարցում ամենահզոր գործոնն էր, որ կարող էր փոխել քաղաքական իրավիճակը Հայաստանում:
Ինձ համար չափազանց կարևոր է տեղի ունեցածի հոգևոր, մշակութային և քաղաքական բովանդակությունը, որն ինչպես պարզվեց` պետք է միավորեր բոլորիս: Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը նոր դերակատարման փուլ է մտել, և այդ նոր դերակատարումն առաջին հերթին ազատ և երջանիկ հայրենիք կերտելն է: Կարող եմ երաշխավորել, որ այսօր Հայաստանում բոլոր մարդիկ առանց բացառության հավասար են օրենքի առաջ: Երկրում որևէ մեկից որևէ բանով ավելի և պակաս չլինելն այն անկյունաքարն է, որի վրա վրա կառուցվում է մեր նոր իրականությունը»,-ասել է վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ
- Փաշինյանը համոզված է՝ Ֆրանսիա կատարելիք իր այցը կնպաստի երկկողմ կապերի հետագա խորացմանը
- Հանդիպումից հետո. Պուտինը կգնա Ադրբեջան, Փաշինյանը՝ Փարիզ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին