Գաղափարից՝ նորարար գրադարան. քրաուդֆանդինգի գորիսյան գաղտնիքը
Գորիս և Տաթև համայնքների երիտասարդները մեկնարկել են առցանց ֆոնդահայթայթման արշավ՝ Գորիսի համայնքային գրադարանի ընթերցասրահի բարեկարգման աշխատանքներն իրականացնելու համար:
Նախաձեռնության հեղինակները մանրամասնում են՝ մինչ արշավի մեկնարկը` եռօրյա #SummerDemoCamp ճամբարի ընթացքում, նշված համայնքների 16 երիտասարդներ զարգացրել են իրենց կարողություններն առաջնորդության, հանրային քաղաքականության ոլորտներում, հանդիպել են տեղական ինքնակառավարման մարմիների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, համայնքում ծառայություն իրականացնող կամավորների հետ և համատեղ որոշել իրականացնել այս արշավը:
Երիտասարդները քրաուդֆանդինգի առաջատար հարթակ Indiegogo-ում ստեղծել են արշավի էջը, նկարահանել հոլովակ և որպես թիրախ ընտրել 1000 ԱՄՆ դոլարը՝ բարեկարգման նախնական աշխատանքների կազմակերպման համար։ Ավելի քան 30 նվիրատվությունների շնորհիվ երիտասարդներն արդեն իսկ հավաքագրել են 675 ԱՄՆ դոլար և շատ մոտ են թիրախին։
Նախաձեռնության նպատակն է ակտիվ երիտասարդական կենտրոնի ստեղծման միջոցով համախմբել նորարար գաղափարներ ունեցող երիտասարդներին, խթանել նրանց միջև շփումն ու համագործակցությունները, դրանով իսկ նպաստելով համայնքի զարգացմանը: Պլանավորվում է կենտրոնում իրականացնել դասընթացներ, ֆիլմի դիտումներ, բանավեճեր, մշակութային այլ միջոցառումներ։
Արշավին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: Մի քանի պարզ քայլերի միջոցով յուրաքանչյուր ոք կարող է կատարել նվիրատվություն։
ՀՀ մշակույթի նախարարությունն իր հերթին պատրաստակամություն է հայտնել նվիրաբերել շուրջ 5 միլիոն դրամ արժողությամ տեխնիկա և գույք՝ հավատարմագրման ծրագրի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան