«Լյուդվիգ անունով ոզնին» այսօրվանից կներկայանա հանդիսատեսին
«Մոսկվա» կինոթատրոնում այսօր կկայանա ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի գլխավոր դերակատարը Ժան Նշանյանն է, նկարահանվել են հանդիսատեսին արդեն հայտնի դերասաններ Սամվել Թոփալյանը, Արծրուն Չոբանյանը, Անի Ղազարյանը, Գեորգի Հովակիմյանը, Մարինա Մնացականյանը։
Մինչ պրեմիերան՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր Մհեր Մկրտչյանը կիսվեց ստեղծագործական խմբի կատարված աշխատանքներով։
«Նկարահանումները սկսվել են անցած տարվա հոկտեբերին և տևել 20 աշխատանքային օր, որին հաջորդել են մնացած աշխատանքները»,- նշեց Մհեր Մկրտչյանը։
Ռեժիսորը չցանկացավ պատմել, թե ինչի մասին է ֆիլմը, որպեսզի հանդիսատեսի համար հետաքրքիր լինի։
«Մինչ ֆիլմը հանդիսատեսին չհասնի, չգիտես՝ կսիրվի՞, թե՞ ոչ, նախօրոք հաշվարկելն անիմաստ է։ Դու անում ես այն լավագույնը, որը կարող ես, սակայն կսիրվի այն թե ոչ, երբեք չես կարող ասել։ Ես հիմա շատ վախենում եմ», - ասաց ռեժիսորը։
Առաջին հարցը, որ հետաքրքրեց բոլոր լրագրողներին՝ ինչու՞ հենց Լյուդվիգ անունն ընտրվեց։
«Ոզնու անունն է, պարզապես ընտրեցինք հենց այս անունը, կարող էր լինի անգամ Հրաչ, անվան հետ կապված ոչ մի պատմություն չկա»,- պատասխանեց Մհեր Մկրտչյանը։
Մհեր Մկրտչյանը առանձնակի շեշտեց ֆիլմի համար գրված երաժշտությունն ու ընդհանուր ֆիլմի երաժշտական ձևավորումը, որը փոխլրացնում է ամեն խոսք ու դրվագ։ ֆիլմի սոունդթրեքը հեղինակել են երգչուհի Սոնա Ռուբենյանն ու երգահան Ավետ Բարսեղյանը։
Սամվել Թոփալյանն էլ նշեց, որ իր համար այս ֆիլմում ամենակարևորը մարդու գոյությունն է. «Այս ֆիլմը մարդու ու մարդկային հարաբերությունների մասին է, մարդը կա այս ֆիլմում։ Այսօր ֆիլմեր են նկարում շենքերի, մեքենաների մասին, բայց մարդ ասվածը բացակայում է»։
Արծրուն Չոբանյանն էլ ասաց. «Դերս շատ է ինձ դուր եկել, գոհ եմ իմ դերից», այնուհետև կատակով հավելեց. «Շատ դուր էր գալիս Ժան Նշանյանի դերը, բայց քանի որ տարիքս չէր համապատասխանում, չէի կարող խաղալ»։
Ժան Նշանյանն էլ արձագանքեց. «Դեռ կհասցնես»։
Դերասանը հավելեց. «Ես հոգնել եմ աշխատել այն ռեժիսորների հետ, որոնց ես պետք է հուշեմ, այլ ուզում եմ նկարահանվել այն մարդկանց հետ, որոնցից դեռ այս տարիքում կարող եմ սովորել։ Ինձ համար շատ հաճելի էր այս ֆիլմում նկարահանվելը։ Այստեղ չկա անիմաստ զավզակություն, այլ կա մեծ աշխատանք՝ ամեն մի դրվագի վրա»։