Ալումյան. ՀՔԾ պետն առնվազն պետք է Տիգրան Աբգարյանի վրա կրակողի անունն իմանար
«Իրավապահները փորձում են հանրությանը ներկայացնել ցնցող ինչ-որ տեղեկություն՝ դրանով շեղելով խնդիրը բուն էությունից»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով վերջին ասուլիսում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ զինծառայող Տիգրան Աբգարյանի սպանության հանգամանքների վերաբերյալ հայտարարությանը։
Ալումյանն ասաց՝ դա շատ լուրջ հայտարարություն է, որպեսզի նման հայտարարություն արվի, իրավապահ մարմնի ղեկավարն առնվազն պետք է կրակողի անունն իմանար։
«Առնազն պետք է մեկ մարդու մեղադրանք առաջադրված լիներ, էլ չեմ ասում, որ պետք է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ լիներ։ Քրեական դատավարության օրենսգիրքն ասում է, եթե կան բավարար հիմքեր, ապա առաջադրվում է մեղադրանք։ Իրենք դեռ մեղադրանք չեն առաջադրել, չունեն այդ աստիճանի ապացույցներ, որ կարողանան ասել, թե ով է արել, բայց իրենք ասում են՝ արվել է էս ինչ ուժերի կողմից այս ինչ նպատակներով։ Չի կարելի այսպես։ Գոնե մենք այս պահին պետք է ունենայինք մեկ մեղադրյալ, եթե այդ ապացույցները քիչ թե շատ լուրջ են։ Իսկ եթե բավարար ապացույցներ չունեն, ապա պետք է լուռ մնան։ Սա շատ լուրջ գործ է, ու նման հայտարարությունը կարող են մեծ հուզականություն առաջացնել։ Չի կարելի նման մանիպուլյացիաներ անել»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր. «Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ Նա սպանվել է այն ժամանակ, երբ արտակարգ դրություն էր մտցվել, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Եւ մեր վարկածը հետևյալն է՝ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այն խոսքերը, թե արդեն ունենք զոհեր՝ հիմնավորվի, դա նախաքննությամբ հիմնավորվել է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին