Օսիպյան. Մենք մարդկանց պառկեցնելուց հաճույք չենք ստանում
«Չեն կարող ոստիկանությունն ու ոստիկանապետը ուշ կատարել վարչապետի հանձնարարականը։ Վարչապետի ցանկացած հանձնարարական կատարվում է անհապաղ, սահմանված ժամանակում, այնուհետև զեկուցվում է»,-հայտարարեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչու են ուշանում ռեյդերը։
Խոսելով արդյունքների մասին, Օսիպյանն ասեց՝ դրանք կան, բայց չեն լուսաբանում։ Գտե՞լ են օլիգարխների մոտ գաղտնալսող սարքեր, շարունակեցին լրագրողները։ Օսիպյանն ասաց՝ ոստիկանությունը ստանում է օպերատիվ տեղեկություններ, որոնք հրապարակման ենթակա չեն։
«Մենք ստուգում ենք դրանց օրինականությունը։ Գործընթացը շարունակական է»,-ասաց ոստիկանապետը։
Մարդկանց գետնին պառկացնելուց, ցուցադրելուց հետո՝ ի՞նչ է տեղի ունենում։ Օսիպյանն ասաց, ոստիկանությունը քաղաքացուն գետնին պառկեցնելուց, մեքենային ու պատին դեմ տալուց հաճույք չի ստանում։
«Ոչ, մենք ամենևին հաճույք չենք ստանում դրանից, դա օրինական գործընթաց է, պայմանավորված է հանգամանքով, որ տվյալ անձանց մոտ լինում են զենքեր։ Մենք որտեղի՞ց տեղեկանանք, դրանք անօրինական են, թե՞ օրինական։ Իսկ զինված քաղաքացին մշտապես համարվում է վտանգ թե ոստիկանների, թե քաղաքացիների համար»,-ասաց ոստիկանության պետը։
Նրա խոսքով, եթե պարզվում է, որ զենքն օրինական է, այն փոխանցվում է փորձաքրեագիտական ուսումնասիրության՝ պարզելու դրա առնչությունը քրեական հանցագործությանը։
«Այն գործընթացը, որ կապված է զենքերի հետ, ավելորդ չեմ համարում կրկին ուսումնասիրել»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակից «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց. «Բոլոր չակերտավոր հատուկ ծառայությունները, ապօրինի զինված խմբավորումները սափրագլուխների և ախրանաների տեսքով, հայտնաբերվելու և ոչնչացվելու են, բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են»։
Նա միաժամանակ ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգեց այդ պահից իրականացնել ռեյդեր օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես կոչված, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել բոլորին:
Դրանից հետո Երևանի Լեոյի փողոցից ոստիկանություն են բերվել, ապա ազատ արձակվել ուղեկցող անձինք, ոստիկանությունը ստուգում է նրանց մոտ եղած զենքերի օրինականությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը դեռ չի պարզել ուղեկցող անձանց զենքերի օրինականությունը
- Ոստիկանություն. Ուղեկցում կատարելու համար հինգ անձ բերման է ենթարկվել ոստիկանություն
- Հայաստանում գողերի ժամանակն անցել է. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին