Փաշինյան. «Քարֆուր»-ի փոքրանալու գործընթացը կանգնած է
Մենք պետք է ապահովենք տնտեսական ճեղքում Հայաստանի Հանրապետության համար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) անդամների հետ հանդիպմանը։ Վարչապետի աշխատակազմից մանրամասնում են, որ Կազմակերպությունը միավորում է Ֆրանսիայի շուրջ 7200 ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում և օժանդակում վերջիններիս դուրս գալ արտասահմանյան շուկաներ:
«Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն, որը ոչ միայն քաղաքական, այլև արժեքների հեղափոխություն է: Կարևոր է ընդգծել, որ մեծ հաշվով այս հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե մենք չկարողանանք հասնել Հայաստանում տնտեսական հեղափոխության: Այդ առումով հիմա իսկապես մեր հեղափոխության ամենակարևոր շրջափուլն է»,-ասել է վարչապետը։
Փաշինյանը հավելել է, որ պետք է հստակ կանոններ լինեն տնտեսական գործունեության համար. «Եվ մենք տնտեսական գործունեություն ծավալողների հետ հարաբերություններում ունենք ընդամենը երկու պայման և երկու շահագրգռություն. գործունեությունը պետք է լինի օրենքին լիարժեք համապատասխան և մենք բոլորին կաջակցենք, որպեսզի նրանք հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծեն և, իհարկե, հարկեր վճարեն: Եվ մենք ի գիտություն ենք ընդունել բիզնեսից եկող ազդակները, որ այդ օրենսգիրքը տնտեսական գործունեությունը բարդացնող է և հիմա ձեռնարկել ենք Հարկային օրենսգրքի բարեփոխումներ»։
Նա հայտարարել է, որ վարչապետի կարգավիճակում իր առաջին գործողություններից մեկը եղել է «Քարֆուր» սուպերմարկետ այցը, որովհետև այն միակ սուպերմարկետն էր, որ տվյալ պահին գործում էր օրենքին համապատասխան:
«Այդ մենության արդյունքում հսկայական սուպերմարկետը սկսել էր փոքրանալու մի գործընթաց, և հիմա կարող եմ ասել, որ այդ գործընթացը կանգնած է և երաշխավորված է ընդլայնվելու գործընթացը, որովհետև բոլոր սուպերմարկետներն այսօր գործում են օրենքին համապատասխան և այլ կերպ չի էլ կարող լինել»,-ասել է կառավարության ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, սակայն, գործադիրի գործողությունների նպատակը որևէ բան ավերելը չէ, այլ այդ ընկերությունների հետ համագործակցության պայմաններում Հայաստանի շահը ներառելը և փոխգործակցությունն ավելի արդյունավետ դարձնելը:
Կազմակերպության խորհրդի նախագահ Ֆիլիպ Դելյորը, ողջունելով վարչապետին, համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի այցը կլինի արդյունավետ ու կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնմանը: Ֆիլիպ Դելյորը նշել է, որ հաշվի առնելով երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի առկայությունը` MEDEF-ը շահագրգռված է տնտեսական համագործակցության զարգացմամբ, ընդլայնմամբ, երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի խորացմամբ ու պատրաստ է այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանել:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն իր հերթին նշել է, որ Հայաստանը հարուստ է մարդկային կապիտալով և ֆրանսիական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրեց այդ փաստի վրա: Նրա խոսքով` Հայաստան ներդրումային ծրագրերով գնալու դեպքում այդ ներուժը կնպաստի հաջող գործունեության ապահովմանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան