«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրն առավել մատչելի
Կառավարությունն առաջարկում է նվազեցնել երիտասարդ ընտանիքներին տրվող բնակարանների հիպոթեքային վարկերի տոկոսադրույքները։
Գործադիրի այսօրվա նիստում ընդունվեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրում, որով բարելավվում են առաջարկվող պայմանները:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ ներկայումս Հայաստանում շատ երիտասարդ ընտանիքներ, ունեն բնակարան ձեռք բերելու կարիք։ Վերջիններիս համար այս ծրագրում նախատեսվող փոփոխություններով ստեղծվում են նոր հնարավորություններ բնակարաններ ձեռք բերելու համար։
Նախարարի խոսքով՝ երկրորդային շուկայից բնակարանի ձեռքբերման համար հիպոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետով։
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ եթե գործող կարգավորումներով այս ծրագրով հիպոթեքային վարկի տոկոսադրույք էր սահմանվում 10,5-11 տոկոսը, ապա հիմա տոկոսադրույքը նվազում է՝ հասնելով 9,5 տոկոսի, որից 2 տոկոսը կսուբսիդավորի պետությունը, իսկ մարզերում տրամադրված հիպոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսը։ Այսպիսով, Երևանում վարկավորման տոկոսադրույքը նվազում է մինչև 7,5, իսկ մարզերում՝ 5,5 տոկոս:
Օրենքի նախագծով նախատեսվում է բարձրացնել ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը, մասնավորապես, ամուսինների գումարային տարիքը ներկայիս 65 տարեկանից առաջարկվում է դարձնել 70 տարեկան: «Զույգի գումարային տարիքը չպետք է գերազանցի 70-ը, որպեսզի կարողանա մասնակցել ծրագրին»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:
Կառավարությունը շարունակելու է բացի «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ միջոցով տրամադրված վարկերի գումարի վերաֆինանսավորելուց, մեղմել կանխավճարի վճարման հետ կապված դժվարությունները: Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններով Ծրագրի շահառուներին հնարավորություն է ընձեռնվելու բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար կատարելով ձեռք բերել բնակարաններ, եթե վերջիններս ձեռք են բերում նաև հիպոթեքային պարտավորության ապահովագրության պրոդուկտ՝ 10 և ավելի տոկոս կանխավճարի և տվյալ բնակարանի ձեռքբերման համար սահմանված նվազագույն կանխավճարի (30%) տարբերության չափով:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց նաև, որ այս նախագծով հնարավորություն է ընձեռում նորակառույց շենքերում ևս ձեռք բերել բնակարան՝ որոշակի սահմանափակումներով։ Այս դեպքում քաղաքացիները օգտվելու են միայն եկամտային հարկը որպես հիպոթեկային վարկի տոկոսավճար փոխհատուցումը օգտագործելու հնարավորությունից։
Այսպիսով, երկրորդային շուկայից ձեռքբերվող բնակարանի գինը Երևանում և մարզերում չի կարող գերազանցել 25 մլն դրամը, իսկ առաջնային շուկայից (նորակառույց) ձեռքբերվող բնակարանի գինը՝ 30 մլն դրամը:
Ծրագրի շրջանակում վարկավորմամբ են զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություն` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն: Մինչև 2018 թվականի օգոստոսի 30-ը տրվել է 3466 վարկ (1814 վարկ Երևանում, 1652՝ ՀՀ մարզերում), որոնց ընդհանուր պայմանագրային ծավալը կազմել է շուրջ 28 մլրդ 524 մլն ՀՀ դրամ (18 մլրդ 401 մլն ՀՀ դրամ Երևանում, 10 մլրդ 123 մլն՝ ՀՀ մարզերում):