Երևանի բոլոր խնդիրների հիմքը քաղաքաշինական է. ճարտարապետ
«Երևանում բոլոր խնդիրները հիմնականում քաղաքաշինական են»,- «Խաթարված ճարտարապետություն. ինչպե՞ս պաշտպանել Երևանն անկանոն շինարարությունից» թեմայով քննարկման ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, ճարտարապետ Արսեն Կարապետյանը։ Նա նշեց, որ երբ առանձնացում են տրանսպորտը, աղբահանության խնդիրը, իրականում հիմքը քաղաքաշինական է, պետք է համակարգային մոտեցում ցույց տալ հենց քաղաքաշինությանը։
Ա. Կարապետյանի խոսքով, իրենք ցանկանում են, որ Երևանը երևանցիների համար լինի առողջ, ապահով, անվտանգ, բոլոր մնացած հարցերն ածանցյալ են սրանց։ Ավագանու թեկնածուն նշեց, որ պետք է փոխել քաղաքաշինական կառավարման սկզբունքները. «Տարիներ շարունակ այդ հարցին չենք անդրադառնում, ժառանգել ենք կիսախորհրդային, կիսաանհասկանալի մի վիճակ, երբ որ որոշումներ կայացնելու մեխանիզմները թափանիցկ չեն, հասկանալի չեն մարդկանց համար»։
Ա. Կարապետյանն ասաց, որ պետք է ունենալ հստակ ռազմավարական ծրագրի, թե ինչպես է զարգանալու քաղաքը։ Քանի որ հիմա չկա նման ծրագիր, ճարտարապետի խոսքով, խնդիրները լուծվում են տեղային մակարդակի վրա։
Նա նաև նշեց, որ Երևանի կենտրոնում բազմահարկ շենք միանշանակ չպետք է այլևս կառուցել, բայց դա չի նշանակում, որ պետք է ընդհանրապես արգելել որևէ շինարարություն կենտրոնում, անիրատեսական է։
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի թեկնածու Հարություն Բաբայանն ասաց, որ Երևանը կիրառական քաղաք չէ ներկայիս ժամանակակից մարդու համար։
«Խնդիրների միակ լուծումն այն է, որ պետք է ծայրամասերում հնարավորություն ընձեռել արտոնյալ պայմաններով ստեղծել բնակելի թաղամասեր, նաև հնարավորություն ընձեռել գործարարներին, որպեսզի կարողանան նման ներդրումներ կատարելով՝ զարգացնել քաղաքի արվարձաններ»,- ասաց ավագանու թեկնածուն։
Նրա խոսքով, այդպես հնարավոր կլինի լիցքաթափվել քաղաքի կենտրոնը, նաև հետաքրքրությունը կավելանա ծայրամասերի թաղամասերի նկատմամբ։
«Բոլոր քաղաքակիրթ քաղաքները զարգացել են հին և նոր քաղաք մոդելով՝ հին քաղաքը մնում է նույնը, զարգացնում են ծայրամասերը»,- ասաց Ա. Ստեփանյանը։
Երևանի ավագանու Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության թեկնածու Արգիշտի Գևորգյանը համաձայն է հնչած բոլոր կարծիքներին, քանի որ, նրա խոսքով, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերը նմանեցված, նույնականացված են, իսկ պատճառն այն է, որ խնդիրները բոլորի համար տեսանելի են։ Ա. Գևորգյանն ասաց, որ խնդիրը է փոքր կենտրոնի գերծանրաբեռնվածությունը, ծայրամասերի չզարգացած լինելը, Երևանի բնակֆոնդը, վթարային շենքերը, կանաչ տարածքները։
Նա նույնպես կարևորեց Երևանի զարգացման համար ռազմավարության մշակումը։
Երևանի ավագանու «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Արմենակ Ստեփանյանն ասաց, որ ճարտարապետություն ասելով չպետք է հասկանալ փոքր կամ մեծ կենտրոնը, ծայրամասերը բացիթողի վիճակ են։
«Երևանի կենտրոնում հին շենքերի կողքին կառուցում են նորը։ Ճարտարապետահատակագծային լուծումներ տալու պարագայում պետք է ամեն ինչը հաշվարկի, նորի թույլտվության ժամանակ համեմատվի տվյալ տեղանքի հին շինության հետ, այլապես ընդհանուր տեսքը կոտրում է»,- նշեց նա։
Ա. Ստեփանյանն ասաց, որ իրենք նախատեսում են նախնական մետրոյի նոր կետի բացում, որը կենտրոնը կմիացնի դեպի 15-րդ թաղամաս տանող հատվածին։ Նրա խոսքով, ներդրումների միջոցով հնարավոր է հասնել արդյունքի։
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածու Մարիամ Խաչատրյանն ասաց, որ Երևանի կենտրոնը 20-րդ դարի սկզբին է կառուցվել, չի կարելի դրա վրա բերել ու դնել արագընթաց ճանապարհներ, պետք է տրվեն քաղաքաշինական, տրանսպորտային նոր լուծումներ։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի հասարակական տրասնպորտի ճգնաժամն ու ավագանու թեկնածուների առաջարկները
- Երևանը գոյատևող քաղաքից պետք է դառնա զարգացող քաղաք. Դավիթ Խաժակյան
- Երևանի ճարտարապետական դիմագիծն ու թեկնածուների առաջարկությունները
- Քաղաքում առաջինը մարդն է, հետիոտնը, հետո նոր մեքենաներն ու ամեն ինչը. Արսեն Կարապետյան
- Մշակույթի նախարարությունը դեռ չի հասկանում ինչ է «պահպանելը»
- Ինչ է կորցրել և ինչ փնտրում մշակույթի նախարարությունը
- Մշակույթի նոր նախարարը կարծես սկսել է կարդալ նախարարության կանոնադրությունը
- Երևանը կշարունակի կորցնել դիմագիծը, քանի դեռ հակասություններ կան կառուցապատողների և ստեղծագործողների միջև. Ճարտարապետ
- «Քաղաքային քանդակ»-ը կրկին Երևանի դիմագծով հետաքրքրվածների դատին է ներկայացնելու նոր նախագծեր
- Երևանի արտաքին տեսքին վերաբերող հիմնական խնդիրները. Բարձրաձայնում են ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան