Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին ՌԴ-ն տեղյակ է պահել ոստիկանությանը
ՌԴ տարածքում պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզման դադարեցման մասին ռուսական կողմը համապատասխան կարգով տեղյակ է պահել ՀՀ ոստիկանությանը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։
Նա նշեց, նախկինում չի իմացել, որ Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է եղել։ Օսիպյանը այլ հարցերի այս թեմայով չպատասխանեց, ասաց, ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է։
Հիշեցնենք, հուլիսին ՀՔԾ-ն տարածեց հաղորդագրություն, որտեղ մասնավորապես նշված էր.
«Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», որում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր», և «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվել է զորանոցային վիճակի:
Մեղադրյալ Մ.Հ արությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»։
Օրեր առաջ պարզ դարձավ, որ ՌԴ-ն իր տարածքում Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղյալ է հայտարարել։
Հարակից հրապարակումներ`
- «Ինտերֆաքս». Ռուսաստանն իր տարածքում չեղարկել է Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը
- Դատախազությունը դեռևս տվյալներ չունի Միքայել Հարությունյանին ՌԴ-ում կամ այլ վայրում հայտնաբերելու մասին. Գ. Աբրահամյան
- Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել․Օսիպյան
- «Հրապարակ». Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է
- ՀՔԾ պետը՝ Միքայել Հարությունյանի քաղաքացիության մասին
- Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ Մարտի 1-ի գործով. ՀՔԾ