Վարչապետ. Հայաստանի շահերը պաշտպանողի աթոռն այլևս ազատ չէ
Մի շարք պայմանագրեր ուսումնասիրելով` հասկանում ենք, որ հայաստանցի պաշտոնյաները հանդես են եկել անձնական, կլանային և, թույլ տվեք ասել, մաֆիոզ շահերից: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) անդամների հետ հանդիպումանը։
«Եվ այս իրավիճակները պարզելու համար պետք է հասկանանք հարցերը, գտնենք պատասխանները, հակառակ դեպքում կունենանք վերնագիր առանց բովանդակության: Մենք ուզում ենք ազնվացնենք մեր հարաբերություններն ընկերությունների հետ: Հասկանում ենք, որ յուրաքանչյուր ընկերություն պետք է պաշտպանի իր շահերը, բայց ուզում ենք ընդգծել, որ Հայաստանի շահերը պաշտպանողի աթոռն այլևս ազատ չէ: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, նաև այդ ընկերությունների գործունեության հեռանկարները մշուշոտ կլինեն. առաջացել են փոսեր, որոնցից համատեղ պետք է դուրս գանք»,- նշել է վարչապետը:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, անդրադառնալով կառավարության տնտեսական տեսլականին` Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գործադիրի նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի:
«Եվ սա ընդամենը ամբիցիա չէ, որովհետև նրանք, ովքեր գիտեն Հայաստանը, գիտեն, որ այդպիսի կառուցվածք ունեցող տնտեսության համար մեծ մարդկային ռեսուրս կա և դրա նախադրյալները ստեղծված են: Վերջերս հրապարակված Գլոբալ ինովացիոն զեկույցում այս հանգամանքը հստակ ընդգծված է: Հայաստանն ինովացիաների մակարդակով այսօր գտնվում է ցածր տեղում, իսկ մարդկային ինովացիոն ընդունակությունների առումով շատ բարձր տեղում է: ՏՏ ոլորտը Հայաստանում դինամիկ զարգանում է. արդեն իսկ տարբեր ընկերություններ հետաքրքրություն ունեն գործունեություն ծավալելու մեր երկրում բարձր տեխնոլոգիական արտադրանքի ոլորտում: Մենք բոլոր ներդրողներին հրավիրում ենք մասնակցելու այն թռիչքին, որին պատրաստվում է Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է վարչապետը։
Նա երաշխավորել է, որ ՀՀ կառավարությունը հակված է բոլոր խնդիրները լուծել բաց, անկեղծ, ազնիվ երկխոսության պայմաններում, որովհետև Հայաստանում տնտեսական ցանկացած գործունեության հաջողությունը Հայաստանի կառավարության, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հաջողությունն է:
«Ուզում եմ հավաստիացնել, որ հարաբերությունների այն ձևը, որ կունենա որևէ ներդրող ՀՀ կառավարության հետ, երկխոսությունն է, ազնվությունը և օրինականությունը: Մենք այդ վստահությունը որևէ գումարի և որևէ նյութական արժեքի հետ չենք փոխի, որովհետև ընդհանրապես աշխարհում չկա այնքան փող և ոսկի, որ համարժեք լինի այն արժեքին, որ ստեղծվել է մեր հեղափոխության արդյունքում: Այս իրավիճակը մեծ հնարավորություն է բոլորիս համար, և համոզված եմ, որ այն չի արժեզրկվի, չի մսխվի և չի կորսվի: Եվ ուրեմն բոլորիդ հրավիրում եմ մեծ երկխոսության մեծ ապագայի մասին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. «Քարֆուր»-ի փոքրանալու գործընթացը կանգնած է
- Փաշինյանը Ջորկաեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում